Ղարաբաղյան հակամարտության գոտում, իհարկե, անցյալ տարվա սրման կրկնություն է հնարավոր, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանում նախընտրական շրջան է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Նրա խոսքով՝ պատերազմի նման բարդ երեւույթը պայմանավորված չէ միայն մեկ գործոնով: «Գործոնները մի քանիսն են: Իհարկե՝ նաեւ ապրիլյան պատերազմի ազդեցությունը կա, քանի որ Ադրբեջանն այն որպես հաղթանակ է ընկալում եւ ներկայացնում, եւ փորձում է դա եւս մեկ անգամ կրկնել: Բաքվի համար սեփական զինծառայողների կյանքն արժեք չունի, բայց հույս ունեն որոշակի տարածք գրավել եւ դա տասնյակ անգամ ավելի մեծ ձեռքբերում ներկայացնել»,- նշեց Արա Պապյանը:

Սակայն, ըստ փորձագետի, հարկավոր է հաշվի առնել, որ անցյալ տարվա համեմատ՝ Ադրբեջանի տնտեսությունը, նավթի գների անկման ֆոնին, անկում է ապրում:

«Այդ պատճառով Ադրբեջանը հասկանում է, որ սա իր վերջին հնարավորությունն է, եւ փորձում է օգտագործել այն: Բացի այդ, Բաքուն պետք է փորձի ուշադրությունը շեղել կնոջը երկրի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակումից, քանի որ նույնիսկ երկրի ներսում դա որոշակի ծաղրով է ընդունվել»,- ընդգծեց Արա Պապյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ի գիշերը, ժամը 3-ի եւ 4-ի միջակայքում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի միանգամից երկու ուղղություններով՝ հարավ-արեւելյան (Մարտունի) եւ արեւելյան (Ակնա) ադրբեջանական կողմը, հատուկ տեխնիկա եւ միջոցներ օգտագործելով, հարձակման փորձ է ձեռնարկել: ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին կանխել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման փորձը երկու ուղղություններով էլ եւ, հակառակորդին վնաս հասցնելով, հետ շպրտել ելման դիրքեր: ՊԲ-ի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը զոհեր եւ առնվազն երկու վիրավոր ունի: Մի քանի մարմին չեզոք գոտում են: Ղարաբաղյան կողմը կորուստներ եւ վիրավորներ չունի: