Բանակային 45 օրվա ընթացքում ծանր հիվանդություն ձեռք բերած Մայիս Գեղամյանը, ով օստեոգեն սարկոմա (չարորակ ուռուցք) հիվանդության դեմ երկար պայքարում էր, այսօր մահացել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Արուճ համայնքի ղեկավար Բագրատ Մարտիրոսյանը:

Համայնքի ղեկավարն ասաց, որ վաղը կլինի նրա հուղարկավորությունը: «Վերջին մեկ ամսում ահավոր ծանր էր վիճակը»,- ասաց նա և նշեց, թե չնայած մեծ հույսեր ունեին, որ բուժումն արդյունք կտա:

Նշենք, որ Մայիս Գեղամյանը զինծառայության էր զորակոչվել Աշտարակի շրջանի Արուճ գյուղից 2013 թ.-ի հուլիսի 15-ին ԼՂՀ Մարտունի 2-ում: Ծառայության սկզբում հենց ընկել էր թռիչք-վազքի ժամանակ, վերքը չէր մշակվել, տեղում գոյացել էր սարկոմա: Չարորակ հիվանդության պատճառով աջ ոտքը հեռացրել էին, սակայն քաղցկեղը ախտահարել է նաև թոքերը։ Նա բազմաթիվ անգամ քիմիաթերապիա էր ստացել:

Մայիս Գեղամյանի բուժման համար ընտանիքին օգնել էին համագյուղացիները, Պաշտպանության նախարարությունը, հարազատներն ու ծանոթները: