Արարատի մարզում, այսօր՝ հուլիսի 19-ին, ականի պայթյունից վիրավորված զինծառայող 29-ամյա Արթուր Զախարյանի վիրահատությունը լավ է անցել: Այս մասին հայտնում է Հայաստանի ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը: Նա նշեց, որ վիրահատել են զինծառայողի ոտքը, նրա վիճակն այժմ բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի զինված ուժերի Արարատի գնդի պայմանագրային զինծառայողներից մեկն այսօր՝ հուլիսի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է:

Այս առնչությամբ ՀՀ Քննչական ծառայությունից հայտնել էին հետեւյալը. «Ժամը 13.50-ի սահմաններում N զորամասի տարածքում պայմանագրային զինծառայողը մարտական երթուղուց շեղվել է եւ ստացել բեկորային վնասվածք ոտքի սրունքի շրջանում: Նա անմիջապես տեղափոխվել է բժշկական կենտրոն եւ բուժօգնություն է ստանում: Այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը, քննություն է տարվում, հանգամանքները պարզվում են»: