Ազգային ժողովում շարունակվում է քննարկել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Մի օրինագծով նախատեսվում է Հանրային հեռուստատեսությանն արգելել գովազդի ցուցադրումը, քանի որ
ա) Հանրայինը եւ պետբյուջեից է սնվում եւ գովազդատուներից ու դա անհավասար մրցակցության պատճառ է դառնում՝ մյուս հեռուստաընկերությունների համար եւ
բ) գովազդների ցուցադրումը չի բխում հանրային հեռուստաընկերության փիլիսոփայությունից:

Իսկ մյուս օրինագծով առաջարկվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով թույլ տալ ծխախոտի գովազդը, ինչպես նաև ժամը 06:00-ից մինչև 22:00-ը ` թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային միավոր):

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ելությում խոսելով այս օրինագծերի մասին, նախ նշեց, որ հանրային հեռուստաընկերությանը զրկելով գովադից, հավելյալ շուկա է առաջանալու օղիների գովազդի արդյունքում:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այդ գումարը բաշխվելու է հետևյալ կերպ.
«Առյուծի բաժինը տրվելու է Արմենիա հեռուստաընկերությանը և նրա արբանկյակ հեռուստաընկերություններին, հաջորդ փայատերը՝ հանրային և երրորդը՝ Շանթ հեռուստաընկերություններն են, մնացածները շուկայում պոտենցիալ հնարավորությունչունեն այդ գումարից կտոր ստանալու համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ գովազդային գումարները 90 տոկոսով բաշխվելու է Արմենիա և Շանթ հեռուստաընկերությունների միջև:

«Վերջին տարիներին ամեն ինչ արվում է հանրային հեռուստաընկերությունը հանրային տեղեկատվության առանցքային կարգավիճակից զրկելու համար: Հանրային հեռուստաընկերության սիրված աստղերը գնում են Արմենիա հեռուստաընկերություն, սիրված հաղորոդումները, չեմպիոնների լիգան գնում են Արմենիա հեռուստաընկերություն: Կասեք, թե մրցակցությո՞ւն է, իրականում ոչ մի մրցակցություն էլ չկա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի մասին, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Երբ որ մի ապաքաղաքական մարդու նշանակում են հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, որը նայվում է ԿՎՆ-ի բեմի վրա, բայց որևէ կերպ չի նայվում ԱԺ ամբիոնի մոտից խոսելուց: Դա արվում է սրա համար, որ երբ հանրային հեռուստաընկերությունը մաս-մաս քանդեն՝ հեռուստաընկերության ղեկավարը դրան չանդրադառնա, ասի լավ ա»:

ՀԱԿ պատգամավորը հայտնեց, որ այս օրենքի նախագծին դեմ է քվեարկելու, մի քանի պատճառով:

«Որովհետև սա օլիգարխիկ կլանային համակարգը ուժեղացնող օրենքի նախագիծ է և ուզում եմ ասեմ, որ այսօր Հայաստանում կան մարդիկ, ովքեր մտածում են, որ ՀՀ-ի պետք է հետևյալը՝ տգետ, հաստավիզ, բռի օլիգարխներին փոխարինեն բարակ վզերով, բարակ գալստուկով, Օքսֆորդներում կրթություն ստացած օլիգարխներով: Իրենք մտածում են, որ սա լուրջ կառուցվածքային փոփոխություն է՝ մեծ գլխով օլիգարխին, փոխարինում է պուճուր գլխով օլիգարխի հետ: Բայց ես ուզում եմ ասեմ, որ օլիագարխը, օլիգարխ է, անկախ նրանից գալստուկը հաստ է, թե բարակ, անկախ նրանից Օքսֆորդում է կրթություն ստացել, թե դիպլոմը գնել է մետրոյի անցումից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: