Բաքվում ընթացող Առաջին ամառային եվրոպական խաղերում ավարտվեց հրաձգության 10 մետրից օդամուղ հրացանով վարժության մրցումը, հայտնում է Առաջին Եվրոպական խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում: 

Ինչպես արդեն գիտեք, Հայաստանը ներկայացնում էր 18 ամյա Հրաչիկ Բաբայանը:

2014 թվականին Նանկինում կայացած Պատանեկան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը պարզապես ապշեցրեց իր վստահ ու կայուն կրակոցներով: Նա վաստակեց 629.3 միավոր, սահմանեց Եվրոպայի երիտասարդական ռեկորդ, գրավեց առաջին տեղն ու մտավ եզրափակիչ:

Եզրափակչի 8 մասնակիցներից 5-ը արդեն նվաճել էին Ռիո դա Ժանեյրոյի օլիմպիական խաղերի ուղեգիր: Պետք էր հաղթել Գերմանիայի և Իսրայելի ներկայացուցիչներին և նվաճել օլիմպիական վարկանիշ:

Սկզբում Հրաչիկը առաջատարն էր, ապա երրորդը, հետո երկրորդը: Այդպես մինչև 12-րդ կրակոցը:

14-րդ կրակոցին հանկարծ տեղի տվեցին մեր պատանու նյարդերը, նա խոցեց 9.2 նիշը և, զբաղեցնելով 5-րդ տեղը` դուրս մնաց հետագա պայքարից:

Իսկ բաղձալի ուղեգիրը նվաճեց Իսրայելի ներկայացուցիչը :

Սակայն կարևորն այն է, որ այս մրցման ամենակրտսեր մասնակիցն արժանացավ մասնագետների ամենաբարձր գնահատականին:

Հրաչիկ Բաբայանն առաջին անգամ մտավ մեծահասակների մրցման եզրափակիչ և ցույց տվեց իր լավագույն արդյունքը: