Էրիկ Առստամյանը չի մասնակցել Համահայկական խաղերի բացմանը Գյումրիում: Մենք չկարողացանք Հայաստան գալ՝ Ադրբեջանի կողմից շրջափակման պատճառով:

Այս մասին ասաց Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ավագ տարիքի պատանիների Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների Եվրոպայի բրոնզե մեդալակիր Էրիկ Առստամյանի անձնական մարզիչ Նարեկ Աբրահամյանը:

Օգոստոսի 5-ին Գյումրիի «Շիրակ» մարզադաշտում անցկացված Համահայկական 8-րդ խաղերի բացման արարողության ժամանակ Ստեփանակերտի թիմի շքերթին պետք է մասնակցեր նաեւ Էրիկ Առստամյանը, որը եղել էր Արցախի ջահակիրն այս Խաղերում, սակայն Եվրոպայի չեմպիոնը, նրա մարզիչը չեն կարողացել Ստեփանակերտից Գյումրի գալ շրջափակման պատճառով:

Պարոն Աբրահամյան, Համահայկական խաղերի բացման արարողության ժամանակ Ստեփանակերտի պատվիրակությանը ներկայացնելիս հայտարարվեց նաեւ Ձեր սանի անունը...

Այո հայտարարվեց, Էրիկի մասին խոսեցին, բայց մենք ներկա չենք եղել բացման արարողությանը եւ չենք մասնակցում Խաղերին: Շատ էինք ուզում մասնակցել, նախատեսված էր, ուզում էինք գալ, բայց այդպես էլ չստացվեց: Չկարողացանք գալ, որովհետեւ ճանապարհն ամբողջությամբ փակ է:

Էրիկը այս պահին գտնվում է Ստեփանակերտո՞ւմ:

Էրիկը, նրա պես շատ մարզիկներ, մարզաձեւերի ներկայացուցիչներ, երեխաներ շրջափակման մեջ են: Իսկապես այստեղ շատ վատ իրավիճակ է: Որեւիցե մեկը այստեղից դուրս չի գալիս, չի կարող դուրս գալ:

Էրիկն այս օրերին պետք է մասնակցեր ԱՊՀ երկրորդ խաղերին, բայց դա էլ բաց թողեցինք:

Համահայկական խաղերի բացման արարողության ժամանակ ներկայացվեց, թե ինչպես է Էրիկ Առուստամյանը միասնության ջահը Ստեփանակերտից բերում Հայաստան: Ե՞րբ է եղել ջահի փոխանցումը:

Դա տեսանկարահանում է եղել, արվել է օգոստոսի 3-4-ին: Նկարել, ուղարկել ենք տեսագրությունով: Չէինք կարող դուրս գալ, ամեն ինչ տեսանկարահանումով է եղել, որպեսզի բացմանը ցուցադրվեր, իսկ իրականում մենք դուրս չենք եկել Արցախից:

Ի՞նչ այլ մրցաշարեր եք բաց թողել այս ընթացքում:

Այս պահին ԱՊՀ խաղերն են, Էրիկը պետք է մասնակցեր առաջին համարով: Նա հավաքականում 54 կգ քաշային կարգում առաջին համարն է, բայց քանի որ մենք այստեղ շրջափակման մեջ ենք, նրա փոխարեն գյումրեցի այլ բռնցքամարտիկ են տարել Բելառուս: Մինչեւ վերջին պահը հավաքականը նրան է սպասել, բայց ոչինչ հնարավոր չէր անել այս առումով:

Այս իրավիճակում մարզումները բնականոն հունով են ընթանո՞ւմ, թե՞ դադար ունեք:

Մենք մարզումները չենք դադարեցնում: Ավելին՝ ավելի շատ ենք մարզվում, որ ավելի ուժեղանանք: Այս իրավիճակը հակառակ ազդեցությունն ունի բոլորիս վրա: Այս դժվար պահին մարզիկներն ավելի շատ են մտածում պայքարելու մասին: Ոչ մի աշակերտ չի եղել օր՝ չգա մարզումների, հանձնվի, հիասթափվի: Միայն աշակերտները չէ, բոլորը, Արցախում որեւէ մեկը չի հանձնվում:

Ոչ սնունդ կա, ոչ խմելու բան, ունենք միայն միս, մի քիչ էլ մեր աճեցրած բանջարեղենը: Այսքանով ենք սնվում, մեր երեխաներին կերակրում, բայց չկա մի մարդ, որ ուզենա գնա այստեղից, ցանկանա թուրքի հետ ապրի, որ իր համար լավ լինի, ամեն ինչով ապահովված լինի: Պատրաստ ենք այսպես սովամահ լինել, բայց մեր հողը պահպանել: Այս նույն հոգեբանությամբ էլ ապրում են մարզիկները ու ամեն օր մարզվում այնպես, ասես՝ մրցաշարերի են գնալու վաղը:

Պարոն Աբրահամյան, ովքե՞ր են ընդգրկված Ստեփանակերտի թիմի կազմում Համահայկական խաղերում:

Իմ տեղեկություններով՝ Համահայկական խաղերին 8 արցախցի մարզիկ է մասնակցում: Թե որ մարզաձեւերում են մասնակցում, կդժվարանամ ասել, բայց նրանք բոլորն Արցախից են: Մինչեւ Արդբեջանի կողմից ճանապարհի շրջափակումն, այդ մարզիկները գտնվել են Հայաստանում կամ մեկ այլ տեղ մրցաշարի են եղել եւ չեն կարողացել վերադառնալ Արցախ: