Տրաբզոնում ընթացող դպրոցականների համաշխարհային Գիմնազիադայում երեկ շատ թեժ մթնոլորտում էին անցնում հունահռոմեական ըմբշամարտի հայ-թուրքական մրցավեճերը: Թուրքերը տեղացի մրցավարների օգնությամբ փորձում էին ամեն գնով հաղթանակ կորզել հայ ըմբիշներից: Մեր մարզիկները, սակայն, իրենց տեխնիկական հնարքների և տակտիկական ճիշտ պայքարի շնորհիվ կարողանում էին հաղթած դուրս գալ մրցագորգից: Այս մասին YN.am-ին Տրաբզոնից հայտնեց ՀՀ ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը:

Հասկանալով, որ արդար պայքարում թուրք ըմբիշները չեն կարող ոչնչի հասնել, մրցավարները սկսեցին իրենց խարդախությունները գործի դնել: Մասնավորապես 84 կգ քաշային Արսեն Սարգսյանի և թուրք ըմբիշի բրոնզե մեդալի համար պայքարում մեր մարզիկի երկու միավորանոց գցումները չէին հաշվում, իսկ չորս միավորանոցներն էլ բաժանում էին երկու հավասար մասի: Ու այդպես հայկական մարզական հարցը Տրաբզոնի ըմբշամարտի մարզապալատում վերածվեծ լուրջ վեճի մեր պատվիրակության ղեկավար Արման Այվազյանի և մրցավարների ու կազմակերպիչների միջև: Արման Այվազյանի լուրջ միջամտության և մրցավարների ու կազմակերպիչների նկատմամբ մեծ ճնշման շնորհիվ խնդիրը ստացավ արդարացի լուծում: Դրանից հետո մեր ըմբիշի հնարքներն ու գցումները չանտեսվեցին, իսկ միավորներն էլ տրվեցին ըստ ըմբշամարտի միջազգային միության կանոնակարգի:

Այդուհանդերձ, 66 կգ քաշային հայ և թուրք ըմբիշների միջև մրցավեճում թուրք մրցավարները շարունակեցին թուրքական ոճը: Նրանց կոպիտ խախտումներին կրկին փորձեց միջամտել Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավարը, սակայն այս անգամ նրան խանգարեցին անվտանգության աշխատակիցները: