2007թ.-ի այս օրը մահացավ հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ վարչապետ (2000-2007), ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը։ 

1972-1974 թվականներին աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում որպես գիտաշխատող, ավագ ինժեներ, 1977-1978 թվականներին՝ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում որպես գլխավոր ճարտարագետ, 1978-1979 թվականներին՝ Էլեկտրատեխնիկականգործարանի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների բաժնի պետ, 1979-1990 թվականներին՝ Առևտրի նախարարության հանրապետական ինֆորմացիոն հաշվողական կենտրոնի էլեկտրոնիկայի բաժնի վարիչ, 1990-1994 թվականներին՝ Հատուկ ծրագրերի պետական վարչության ինֆորմացիոն բաժնի ղեկավար, 1994-1995 թվականներին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կրտսեր գիտաշխատող, 1995-1999 թվականներին՝ ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր, 1999 թվականին դարձյալ ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է մեծամասնություն կազմած «Միասնություն» խմբակցության ղեկավարը, 2000-2007 թվականներին՝ ՀՀ վարչապետ։

2003 թվականին ԱԺ ընտրություններից հետո վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շարունակել է պաշտոնավարել՝ ղեկավարելով ընտրությունների արդյունքում ձևավորած կոալիցիոն կառավարությունը։

Հայկական քաղաքական կյանքի մեջ է ընդգրկվել դեռ 1965 թվականից։ 1968 թվականից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973 թվականից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։ 1974 թվականին ձերբակալվել է և դատապարտվել երկամյա բանտարկության՝ խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով։ 1992 թ. անկախ Հայաստանում դառնում է երկրի առաջին գրանցված կուսակցության անդամ, որի խորհրդի նախագահն է 1993 թվականից մինչև իր մահը։

1993-1997 և 1998-2005 թթ.՝ ՀՀԿ խորհրդի նախագահ։ 1997-1998 թվականներին եղել է ՀՀԿ նախագահ, 2005 թվականին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ, 1998 թվականից Երկրապահ կամավորական միության անդամ էր, այնուհետև՝ ԵԿՄ վարչության անդամ։