Արաբկիրի Երզնկյան փողոցի թիվ 1 շենքների բնակիչները  մանրամասներ պատմեցին այսօր շենքի 12-րդ հարկից տղամարդու ընկնելու միջադեպի վերաբերյալ։

Հարևանները պատմեցին, որ գիշերը 04։00-04։30-ին անջատվել է շենքի ինտերնետն ու կաբելային հեռարձակումը: «Հարևանուհիս գնացել է արտերկիր՝ աղջիկների մոտ. և այդ տղամարդը, թերևս, փորձել է պատուհանից մտնել նրա տուն՝ գողություն անելու նպատակով: Գողը կախվել է ինտերնետի և վերելակի մալուխից, մալուխը պոկվել է և նա ընկել է ցած: Առավոտյան եկան ոստիկանները և ասացին՝ ձեր հարկից մարդ է ընկել, ես էլ զարմացա, պատկերացրեցի, որ դա գող կարող է լինել: Պարզվեց, որ նա ցանկացել է մտնել արտերկիր մեկնած հարևանուհուս տուն , սակայն չի կարողացել դուռը բացել լոմով, որոշել է դրսի պատուհանից մտնել: Մալուխներից կախվելով՝ բացել է պատուհանը, հանել ցանցը, բայց մալուխը պոկվել է և նա 12-րդ հարկից ընկել է»,- պատմեց հարևանուհին:

Ըստ նրա՝ ոստիկանները դիմել են տանտիրոջ բարեկամին, ով բացել է դուռը, և պարզվել է, որ պատուհանը բացված է, բայց ոչ մի բան չեն տարել տանից: «Առավոտյան տղաս աշխատանքի գնալուց տեսել է, որ տղամարդն ընկած է աղբի կողքը»,- պատմեց հարևանուհին:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել են, որ զննությամբ տղամարդու հագուստի գրպանում հայտնաբերվել է կտորից մեկ զույգ ձեռնոց, կրակայրիչ և փոքր լուսատու սարք, իսկ դիակի մոտ՝ պտուտակահան և ծխախոտի տուփ: Երզնկյան 1 շենքի 12-րդ հարկում՝ աստիճանավանդակի մոտ, հայտնաբերվել է նույն շենքի 45-րդ բնակարանի ննջասենյակի պատուհանի մաս կազմող ցանցը, ինչպես նաև պարզվել է, որ պատուհանի դրսի պատուհանագոգի մի մասի ձյան ծածկույթը բացակայում է:

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու տղամարդու ինքնությունը, մահվան հանգամանքները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Աղբյուրը՝ Tert.am