Նորմա Ջին Մորթենսոնը՝ նույն ինքը Մերիլին Մոնրոն, ծնվել է 1926թ հունիսի1-ին Լոս Անջելեսում: Նա ընտանիքի երրորդ երեխան էր:

19 տարեկան հասակում Նորման ամուսնացել է Ջիմ Դոգթերիի հետ և աշխատանքի անցել ավիացիոն գործարանում: Սակայն ամուսնու պատերազմ մեկնելուց հետո 19-ամյա աղջիկը սկսում է նկարահանվել որպես փին-ափ մոդել տղամարդկանց ամսագրերի համար, որոնք ռազմաճակատ էին ուղարկում ամերիկացի զինվորներին քաջալերելու համար։ Շուտով այդ ամսագրերից մեկը հայտնվեց ամերիկյան Ֆոքս կինոստուդիայի պրոդյուսեր Բեն Լիոնի մոտ, և վերջինս որոշեց պայմանագիր կնքել երիտասարդ աղջկա հետ։ Լիոնը գտնում էր, որ դերասանուհի դառնալու համար Նորմա Ջին անունը չափազանց երկար և դժվար հիշվող էր և իր կամքին հակառակ քսանամյա Բեյքերը շուտով վերանվանվեց Մերիլին Մոնրո։

Մոնրոյի համար ճակատագրական էր 1954 թվականը, երբ նա գլխավոր դեր խաղաց «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին» մյուզիքլում այն ժամանակ շատ հայտնի Ջեյն Ռասելի հետ միասին։ Շուտով Մերիլին Մոնրո անունը հայտնի դարձավ ամբողջ ԱՄՆ-ում, այնուհետև և ողջ աշխարհում։

Իր ողջ կարիերայի ընթացքում Մերիլին Մոնրոն նկարահանվել է շուրջ 31 ֆիլմերում, որոնց թվում՝ «Ամեն ինչ Եվայի մասին», «Նիագարա», «Ինչպես ամուսնանալ միլիոնատիրոջ հետ», «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին», «Ջազում միայն աղջիկներն են» և այլն։

1962 թվականի օգոստոսի 5-ին հայտնաբերվեց դերասանուհու անշունչ մարմինն իր սենյակում։ Մինչ օրս նրա մահվան պատճառը բազմաթիվ քննարկումների առարկա է։ Ոմանք կարծում են, որ Մոնրոն ինքնասպան է եղել, ոմանք համոզված են, որ նրան սպանել են Քենեդի եղբայրների պատվերով։ Մերիլինը սիրավեպ է ունեցել և՛ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի, և նրա եղբայր՝ Բոբ Քենեդիի հետ։  Լուրեր էին պտտվում թե դերասանուհին որոշ գաղտնի տեղեկություններ ուներ նրանց մասին և սպառնում էր հայտնել դրանք լրագրողներին։ Այնուամենայնիվ Մոնրոյի մահը մոտ քառասուն տարի անց էլ գաղտնիք է մնում։

Մինչ այժմ էլ Մերիլին Մոնրոն համարվում է պատմության մեջ ամենագեղեցիկ և ցանկալի կանանցից մեկը, ում փորձում են կրկնօրինակել, և ով առ այօր էլ հանդիսանում է շատերի ոգեշնչման առարկան: