ԽՍՀՄ թատրոնի և կինոյի դերասան, ժողովրդական արտիստ Եվգենի Լեոնովը ծնվել է 1926թ. սեպտեմբերի 2-ին Մոսկվայում ինժեների և տնային տնտեսուհու ընտանիքում: Սովորել է Սերգո Օրջոնիկիձեի անվան ավիացիոն տեխնիկումում: 3-րդ կուրսում ընդունվել է Մոսկովյան փորձառական թատերական ստուդիա, որն ավարտելուց հետո սկսել է աշխատել թատրոնում:

Լայն ճանաչում Լեոնովին բերել է «Շերտավոր երթուղի» ֆիլմը, որին հաջորդել են աշխատանքները «33», «Ձյունե թագուհի», «Հաջողության զիգզագ», «Բելոռուսական կայարան», «Հաջողության ջենտլմենները» ֆիլմերում: Նրա ձայնով է խոսում նաև խորհրդային սիրված մուլտհերոս «Վինի Թուխը»: 

1988թ. Գերմանիայում հյուրախաղերի մասնակցելիս ստացել է սրտի կաթված և կլինիկական մահ տարել: Սակայն շատ շուտով նա վերադարձել է դերասանական գործունեությանը: Վախճանվել է 1994թ. հունվարի 29-ին 68 տարեկան հասակում: Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանում: