«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է պատվով լուծել իր առջև դրված խնդիրները։ Չնայած ներքին և արտաքին վայրիվերումներին՝ ԱԱԾ-ն այսօր էլ այն կառույցն է, որն իր ուսերին է կրում հայկական պետությունների և ողջ ժողովրդի անվտանգությունն ապահովելու չափազանց ծանր ու պատասխանատու բեռը։ Այնտեղ ծառայում են լավագույնները, ովքեր անձնուրաց ու պատվով դիմակայում են բոլոր ներքին ու արտաքին մարտահրավերներին», Ժողովուրդ թերթին տված մեկնաբանությունում ասել է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը:

Արթուր Վանեցյանը փաստացի ուղղել է կոպիտ սխալը, որ թույլ էր տվել նախորդ հարցազրույցներից մեկում, հարցին, թե արդյոք կա Հայաստանի անվտանգության սպառնալիք, արձագանքելով՝ «չեմ պատասխանի», նույնը Արցախի հարցում սպառնալիքի մասին հարցին

Այդօրինակ արձագանքը փաստացի հավասարազոր է «այո»-ի, երբ խոսքն ԱԱԾ պետի պաշտոնը զբաղեցրած անձի մասին է: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ ԱԱԾ նախկին պետը պաշտոնավարումից շաբաթներ անց հայտարարում է Հայաստանի անվտանգության համակարգի փաստացի անգործության կամ անկենսունակության մասին:

Իհարկե տեսականում չի բացառվում, որ նրա այդ հայտարարությունը կամ ակնարկը կարող էր լինել որոշակի ազդակ, ինչից հետո ձեռնարկվեին որոշակի քայլեր: Գործնականում իհարկե ԱԱԾ նախկին պետի հայտարարությունը արտառոց էր եւ նույնիսկ վտանգավոր:

 Նյութի աղբյուրը՝ Lragir. am