Այս տարվա Ամանորը Մկրտչյանների ընտանիքում տոնական չի անցել. 10–ամյա տղան որոշել է հրավառություն անել, սակայն ճայթուկը պայթել է նրա ձեռքում։ Տավրոսն ուրախ է` մինչ այդ հասցրել է Ձմեռ պապին նամակ գրել։

10–ամյա Տավրոս Մկրտչյանը տեսել է` ինչպես է ձեռքի մեջ պայթող ճայթուկի հետևանքով աջ ցուցամատը կտրվել, սակայն չի գիտակցում, որ զրկվել է մատից։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում ստացող երեխան հույս ունի, որ մատը վերականգնվելու է...

Մի խումբ լրագրողներով մտնում ենք երեխայի հիվանդասենյակ` նրա հետ կատարվածի մասին մի փոքր զրուցելու։ Տավրոսը ֆոտոխցիկներից չի ճնշվում. հերթով ուսումնասիրում է բոլորիս, ժպտում։

Մինչև կսկսենք հարցուփորձը, երեխան սավանն է ուղղում, վերմակը և դրա տակ էլ թաքցնում ձեռքի հեռախոսը։ Հետո սկսում է պատմել, որ այս տարի որոշել էր Ամանորը դիմավորել ոչ թե Երևանում` ծնողների հետ, այլ տատիկի և պապիկի հետ` Թալինում։

«Նոր տարուց առաջ պապիկիցս փող ուզեցի, որ հրավառության համար ճայթուկ գնեմ։ Թաթոսի խանութից էլ գնեցի ու անհամբեր սպասում էի գիշերվա գալուն, որ պայթեցնեմ։ Տատիկենք երկրորդ հարկում են ապրում, գիշերը ժամը 11։55 դուրս եկա պատշգամբ ու պայթեցրի. ճայթուկը ձեռքիս մեջ պայթեց»,–պատմում է Տավրոսը` զննելով առջևում շարված մեծ–մեծ տեսախցիկները։

Հիվանդասենյակում նաև Տավրոսի մայրն ու քույրն են, որոնք մնացել են լրագրողներիս հետևում և չեն միջամտում զրույցին։ Հիվանդասենյակ է մտնում տղային վիրահատած բժիշկը` միկրովիրաբույժ Արթուր Հարությունյանը:

Տղայի աչքերը փայլում են. սիրել է բժշկին։ Բժշկի ներկայությունը նույնպես չի կաշկանդում տղային ու մինչ կշարունակի պատմել դեպքի մասին, լուրջ–լուրջ ասում է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բժշկիս` Արթուր Հարությունյանին, իմ կյանքը փրկելու համար»։

Բոլորը ծիծաղում են, Տավրոսն էլ ինքն իր ասածի վրա նախ ծիծաղում է, հետո անմեղ հայացքով նայում մեզ` ակնարկելով, որ ասածը լուրջ էր, հետո ի՞նչ, որ մեծական թվաց։

 Նյութի աղբյուրը՝ armeniasputnik.am