Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Հրայր Թովմասյանի դստեր նկարը եւ գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

Այս գրառումը հետեւեց Նիկոլ Փաշինյան-Հրայր Թովմասյան փոխհրաձգությանը: Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում հայտարարեց, որ Հրայր Թովմասյանը քծնում ու իր ծառայություններն էր առաջարկում իրեն, որպես ապացույց ներկայացնելով գրիչ, Հրայր Թովմասյանն իր հերթին պատրաստվում է դատարան դիմել զրպարտության հայցով: Եվ այս ֆոնին, հայտնվում է ավագանու անդամի այդ գրառումը:

ՄԻՊ-ը դատապարտել է այս արարքը, մասնավորապես գրելով. «Հանրային պաշտոն զբաղեցնող ցանկացած անձից խիստ պահանջում եմ հստակ գիտակցել իր պաշտոնական կարգավիճակը և գործել բացառապես այդ կարգավիճակի սահմաններում, դրսևորել պատշաճ վարքագիծ։ Դուք սահմանափակված եք ձեր պաշտոնական կարգավիճակով։

Որևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաների ու լարվածությունն ուղղել այդ կողմ՝ անկախ նրանից պաշտոնյայի ընտանիքի մասին է խոսքը, թե ոչ»։

Սա անցնում է բարոյականության սահմանը, ասել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Անցյալ ողջ շաբաթ Իմ քայլի արդեն խորհրդարանական խմբակցությունը նիստերի օրերին ակտիվ ֆեյսբուքյան լեզվակռիվների մեջ էր ընդդիմախոսների հետ: Վեճը շարունակվում էր նաեւ Երեւանի ավագանում: ԶԼՄ-ներն էլ լայնորեն տարածում էին այս լեզվակռիվները: Լիարժեք գործում էր երեւանյան քաղաքական մշակույթը, որի էությունն անվերջ ռազբորկաներն ու «դակազատներն» են: Ասվածը վերաբերում է նաեւ ընդդիմադիրներին: Վերջում էլ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը քուանշ տվեց ընդդիմախոսներին:

Ամիսներ առաջ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը իր խմբակցության պատգամավորներին կոչ էր անում դուրս գալ «քաղաքացիա-ֆեյսբուքյան ակտիվիզմից» եւ հիշել, որ իրենք արդեն պատգամավորներ են, պետական պաշտոնյաներ: Այս տրանսֆորմացիան այդպես էլ տեղի չունեցավ, եւ հիմա այդ մասին ստիպված է հիշեցնել ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը: Միաժամանակ հիշեցնել տարրական բարոյականության մասին:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am