ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ձեզ համար իշխանության կորուստը ոչ թե քաղաքական ձախողում էր, այլ՝ անձնական ողբերգություն, որովհետև իշխանությունը ձեզ համար միշտ եղել էր անձնական խնդիրներ լուծելու երաշխիք, ընդարձակ լափամանի և կեղտոտ փողերով լեցուն քսակի գրավական։ Հեղափոխությունից հետո դուք զրկվեցիք այդ ամենից։ Զրկվեցիք երանելի ամենաթողությունից, զրկվեցիք պերճ խնջույքներից, զրկվեցիք արքունական ստորաքարշ քծնանքի մարաթոնին մասնակցելու ձեր այնքան սիրելի կեսնակերպից։ Եվ ձեր անձնական ատելությունը լցրեց ձեր քաղաքական դատարկությունը՝ մերկացնելով քաղաքականության մասին ձեր պատկերացումների ողջ այլանդակությունը։ Դրա համար դուք ատում եք Նիկոլ Փաշինյանին և այսօրվա իշխանությանը, իսկ ատելությունը քաղաքական ընդդիմախոսության հետ ոչ մի կապ չունի։ Ատում եք ձեր անձնական ողբերգության համար, ձեր կիսատ մնացած երազի համար, որը մեր ժողովրդի մղձավանջն էր։ Այդ տեսանյութը և դրա շուրջ ստորաքարշ ուրախությունը ատելությամբ լցված ձեր քաղաքական սնանկության դրոշն է, որը ծածանվում է քաղաքական դամբարանի գագաթին՝ միշտ վառ պահելով ձեր անփառունակ քաղաքական գոյության հուշը»: