Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուղիղ եթերում խոսեց կոմունալ վճարները չկատարելու հետ կապված խնդրի մասին։ Վարչապետը հայտարարեց, որ քաղաքացիները չեն կարող վճարումներ չկատարել, քանի որ դրա հետևանքով հնարավոր է՝ երկրում էներգետիկ համակարգը կաթվածահար լինի։ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մեր առաջ հարց էր դնում, որ եթե այսպես գնա, ապա մեր ընտրությունը լինելու է ոչ թե առանձին մարդկանց հոսանքը կամ գազը անջատելը, այլ երկրում հոսանք, գազ լինելու է, թե ոչ։ Հետևաբար՝ մենք որոշեցինք, համաձայնություն տվեցինք, որ ՀԾԿՀ-ն ու մատակարար ընկերությունները որոշակիորեն կոշտացնեն իրենց դիրքորոշումը։ Երբ որ դիրքորոշումը կոշտացավ, մի քանի օրվա ընթացքում մոտ 7 միլիարդ դրամի վճարում է եղել։ Այսինքն՝ եղել են մարդիկ, որոնք անապահով խմբին չեն պատկանել, բայց վճարում չեն կատարել՝ ասելով, որ դե, մեկ է, չեն անջատելու։ Այդ հայտարարությունների արդյունքում մենք համակարգը փրկեցինք կոլապսից»,- հայտարարեց վարչապետը՝ավելացնելով, որ երեկվա դրությամբ անջատվել է 4300 բաժանորդի հոսանք, և 736 բաժանորդի գազի մատակարարումը։


Վարչապետի այս հայտարարությունից, ըստ էության, հասկանալի է դառնում, որ «Գազպրոմ»-ի, ՀԷՑ-ի կողմից կառավարության վրա որոշակի ճնշում է եղել, որից հետո էլ կառավարությունը հետ է կանգնել իր խոստումից՝ կոմունալ վճարները չկատարելու համար բաժանորդների գազն ու հոսանքը չանջատելու մասով։

Թեև, վարչապետի խոսքերով՝ իրենց խոստումից հետ կանգնելու պատճառն այն է, որ հայտնի չէ, թե այս վիճակն ինչքան կշարունակվի, արտակարգ դրությունը նորից կերկարացվի, թե ոչ, բայց փաստ է, որ մինչև հաջորդ տարվա մարտ ամիս կորոնավիրուսի ճգնաժամը լինելու է, և մենք պետք է սովորենք ապրել այս իրավիճակում, կատարել կոմունալ վճարումներ։

Քաղաքագետ Ռուբեր Մեհրաբյանի խոսքերով՝ այսօր իրավիճակը շատ բարդ է, Հայաստանը՝ ի թիվս այլ երկրների, գտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ, բայց այդ իրավիճակում էլ ամեն մի սուբյեկտ փորձում է իր շահն առաջ տանել։ «Ինչ վերաբերում է «Գազպրոմ»-ին ու ՀԷՑ-ին, ապա նրանք իրապես փորձում են իրենց շահն առաջ տանել առանց բալանսավորման։ Բայց նրանք գլուխները պատով կտան, թե կանջատեն մեր գազն ու լույսը։ Հանկարծ մտքներով չանցնի նման տոնով խոսել ՀՀ քաղաքացիների հետո, հակառակ դեպքում մենք էլ նրանց կանջատենք մեր երկրում»,- ասաց Մեհրաբյանը՝ հավելելով, որ մեկ անգամ չէ, որ ինքը կրկնում է, որ այդ ընկերությունները սովորական ընկերություններ չեն, այլ «կազմակերպված քրեական խմբավորումներ են», և պետք է լրջագույն հետաքննություն անել ու պարզել, թե նրանք ոնց են դարձել այս ոլորտում բնական մենաշնորհների միակ տերերը։ «Եթե նրանք սովոր են խուլիգանությամբ ու սպառնալիքներով հասնել ամեն ինչի, ապա դա նրանց չի հաջողվելու»,-ընդգծեց Մեհրաբյանը։

Միևնույն ժամանակ, սակայն, քաղաքագետի խոսքերով՝ հասկանալի է, որ սպառված ծառայությունների դիմաց պետք է որոշակի վճարումներ կատարել։ Վճարումներ չկատարելու հնարավորությունից չպետք է օգտվեն վճարունակները։ Վճարունակները պետք է կատարեն վճարումներ, որպեսզի կառավարությունը կարողանա հայտնաբերել և թիրախային զբաղվել բացառապես սոցիալապես անապահով ընտանիքների հետ։ «Այսինքն՝ շատ կարևոր է ներհայաստանյան, ներպետական համերաշխությունը այս հարցի շուրջ։ Ամեն ինչ պետք չէ թողնել բյուջեի հույսին։ Այո, բյուջեի գումարները քաղաքացիների փողն է, բայց անընդունելի է ոմանց՝ բյուջեի հաշվին քաղաքացիների աչքին լավամարդ երևալու մղումները։ Կառավարությունը պետք է գտնի ոսկե միջինը։ Լուծի և՛ բյուջեի հավաքագրման հարցը, և՛ սոցիալապես անապահով ընտանիքների խնդիրը»,- եզրափակեց Մեհրաբյանը։