ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարությունում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Աշխատանքը քաղաքակրթության շարժիչ ուժերից է: Աշխատանքի միջոցով է մարդն ինքնիրացվում, արժեք ստեղծում՝ միաժամանակ ապահովելով իր և իր ընտանիքի բարեկեցությունը: Աշխատանքն է նաև հանրային բարեկեցության հիմքը:

Վստահ եմ, որ կազմակերպված, արդյունավետ ու խելացի աշխատանքի միջոցով Հայաստանը կարողանալու է համարձակ ցատկ կատարել ու անցնել զարգացող երկրներից զարգացածների շարքը:

Այս հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու համար առանցքային է մարդկային կապիտալի՝ կանանց ու տղամարդկանց գիտելիքների, կարողությունների ու հմտությունների շարունակական զարգացումը: Հետևապես, կրթության ու գիտության առաջընթացը պետք է լինեն մեր գերակայությունը: Առանցքային է նաև, որ աշխատողների իրավունքները պաշտպանված լինեն և աշխատանք-ժամանց ներդաշնակություն ունենանք: Չնայած այս հարցում ունեցած զգալի ձեռբերումների՝ դեռ երկար ճանապարհ պետք է անցնենք ցանկալիին հասնելու համար:

Այս ուղղությամբ ևս կհաջողենք միայն աշխատող-գործատու-հանրային իշխանության մարմիններ սերտ համագործակցության ու երկխոսության միջոցով: Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ համատեղ աշխատանքով կկերտենք հզոր ու հաջողակ Հայաստան: