«Մասիս» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք հետևյալը. «05.05.2020-ի լուսադեմին Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի (Այնթապի նշված հասցեով), սակայն, տեղ հասնելուն պես հասկացել են, որ կանչը սովորական չէ, այլ` արտակարգ:

Կնոջ մոտ արդեն սկսված էր ծննդաբերական գործունեությունը և գտնվում էր ակտիվ փուլում: Շտապօգնության բժիշկ Աշոտ Առաքելյանը, բուժքույր Յաննա Գաբրիելյանն առանց հապաղելու սկսել են ընդունել ծնունդը:

Ծննդաբերությունը բարդ էր, վաղաժամ, առաջադրությունը` տոտիկային, ուստի ծննդօգնությանը միացել է նաև մեր մյուս բժիշկը` Դավիթը Գալստյանը, ով մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգ է:

Ծնվել է հրաշք աղջնակ, բժիշկ Առաքելյանի կողմից կատարվել են ռեանիմացիոն գործողություններ, երեխայի և մոր վիճակը կայունացնելուց հետո իրականացվել է հոսպիտալացում:

Հիվանդանոցում թե՛ մոր, թե՛ պտղի վիճակը գնահատվել է բավարար:

Այս ամենը խոսում է բարձր պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի մասին»: