Մարի Իզմիրլյանի անվան մանկատանն այսօր՝ մայիսի 25–ին, կորոնավիրուսի 46 թեստ է իրականացվել, որից 15-ը՝ դրական արդյունքով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:

«Վարակակիրներից 9-ը հաստատության երեխաներն են, 6-ը՝ աշխատակիցներ: Որևէ մեկը հաստատությունից չի հոսպիտալացվել, որովհետև որևէ մեկի մոտ ախտանշաններ չկան: Ամենասկզբում՝ երեկ չէ առաջին օրը երեկոյան, դայակներից մեկի մոտ 37,6 ջերմություն է նկատվել: Նրան միանգամից մեկուսացրել, ուղարկել են տուն: Բայց դայակի թեստի պատասխանը դեռևս չկա, այսինքն՝ չենք կարող ասել, որ հենց ինքն է առաջինը վարակված եղել», - ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ այս պահին Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը նաև հրավիրյալ բժիշկներ և բուժքույրեր են աշխատում՝ «Բաբլոյան» կենտրոնից:

«Առավոտյան թեստավորումից հետո տարածքն ախտահանվել է: Այս պահի դությամբ բոլորն իրենց լավ են զգում, բարդացման դեպքեր չկան: 15 դրական դեպքերով հիվանդները մեկուսացվել են հենց հաստատության ներսում, որևէ մեկը չի հոսպիտալացվել», - ասաց Մարտիրոսյանը:

Նա ընդգծեց, որ փետրվարի 27-ից սկսած՝ խնամքի բոլոր հաստատությունները գտնվել են կարանտինային ռեժիմում, իսկ մայիսի 19-ից սկսած՝ երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններն ամբողջովին փակ ռեժիմում են եղել:

«Որևէ մեկը մուտքուելք չի արել, ոչ ոք ախտանիշ չի ունեցել: Միայն այդ դայակն է երեկ չէ առաջին օրն իրեն վատ զգացել», - ասաց Սոնա Մարտիրոսյանը: