Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է մի խումբ, որտեղ պահանջում են Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը: Ավելին այսօր մի խումբ լրագրողներ, ակտիվիստներ պատրաստվում են ցույց անկացնել քաղաքապետարանի մոտ:

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ, ըստ տեսանյութի, Հենրիկ Նավասարդյանը հայհոյել է լրագրողին: Ավելի ուշ Հենրիկ Նավասարդյանը պարզաբանում տվեց, որտեղ հայտնեց, որ իրականում ինքը չի հայհոյել, այլ ցանկացել է ասել «Ես քու նեռվերը չունեմ», սակայն մինչև վերջ չի ասել:

YerevanNews.am-ի հետ զրույցում Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն անդրադառնալով լրագրողների պահանջին, ասաց.

«Ես տեղյակ եմ, որ նման բան կատարվում է, բայց ես կարծում  եմ այն ինչ իմ կողմից կատարվել է այս ոլորտում և շարունակվում է, ես պատրաստ չեմ հրաժարականի, իսկ եթե իմ ղեկավարությունը գտնի, որ ես ճիշտ չեմ վարվել, դա ուրիշ հարց է»:

- ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն  Ռուստամյանն Ալբերտ Գևորգյանին առաջարկեց հանձնաժողով ստեղծել, քննարկումներ հրավիրել` վերջնական գինը հասկանալու համար, իսկ մինչ այդ դադարեցնել 150 դրամով երթևեկությունը և ուղեվարձը թողնել 100 դրամ: Արդյո՞ք հնարավոր է այս տարբերակը:

- Մենք միշտ պատրաստ ենք քննարկումների և որևէ առարկություն չենք ունեցել և մի քանի օր առաջ էլ ենք ասել սրա մասին: Գնի բարձրացման մասին 20 օրից ավել է ինչ խոսվում է: Եվ ասվել է, որ կան առաջարկներ և ուսումնասիրվում է գինը: Ես կխնդրեի այդ ներկայացուցիչները ժամանակին գտնեին, գային առաջարկեին, որպեսզի բանը չհասներ այս ամենին: Մենք պատրաստ ենք, սակայն այս նույն մարդիկ կարող էին ավելի վաղ նման հայտարարություններ անեին:

-Այսինքն, ներկա պահին հնարավո՞ր չէ դադարեցնել գործող սակագինը:

- Իհարկե հնարավոր չէ , որովհետև սա կբերի մեկ այլ խառնաշփոթի: Գնի բարձրացման հիմնական պատճառը եղել է, որ մենք կարողանանք մեր վարորդների աշխատավարձը բարձրացնենք, մեր մեքենաների տեխնիկական վիճակը և նրանց վիճակը բարերարավել: Մենք բարեփոխման փուլում ենք և ուզում ենք շարունակել: Եթե իջեցնենք, ստացվում է, որ մենք սխալ հաշվարկներ էինք արել:  Այսօր վարորդը իրեն ավելի լավ է զգում, քանի որ ավելի շատ գումար է վաստակում: Մենք վարորդների պակաս ունենք, և սա հնարավորություն կտա, որ այն վարորդները, ովքեր արտասահման են գնացել, իմանալով այս բարեփոխումների մասին, միգուցե գան և այստեղ աշխատեն: Եթե իջեցնենք, նպաստելու ենք  վարորդների ավելի վատ վիճակին:

-Իսկ ինչու՞ սակագինը բարձրացավ 50 տոկոսի չափով, արդյոք հնարավոր չէր խուսափել դրանից:

- Տնտեսվարողները մեզ առաջարկել են նույնիսկ 200դրամ: Մենք ներկայացրել ենք մինիմալ տարբերակը: Եթե մենք ավելի ցածր սակագին դնեինք,  մենք կվերացնեինք ավտոբուսային պարկը և դա կփոշիանար: Այս ամենից խուսափելու համար, այդպիսի գին ենք սահմանել: Առաջարկը տանում է նրան, որ մենք այդ ուղևորներին տանենք կռացած վիճակում, այսինքն մինչև հիմա, որ ասում էին կարտոֆիլ եք տեղափոխում, նորից առաջարկում են դա անել: Կարծում եմ, որ այս բարեփոխումների շեմին դա լավ տարբվերակ չէ: 

Մանրմասները դիտեք YerevanNews.am-ի տեսանյութում

Հարցազրույցը` Անի Բաղդասարյանի