Նախ ասեմ, որ մեզ համար հիմք պետք է հանդիսանա այն տեղեկատվությունը, որը տարածում է մեր ՊՆ-ն, քանի որ դա պաշտոնական տեղեկատվություն է եւ ամբողջությամբ մփոփում է բոլոր ուղղությունները: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Իմ տեղեկությամբ սադրանքը կազմակերպել է Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը: Դա կարող է կապ ունենալ բանակցային գործընթացի, ինչպես իրենք են ասում, դանդաղ լինելու հետ: Դա կարող է կապ ունենալ միջազգային հանրության վրա ազդելու հետ, ինչպես նաեւ Ադրբեջանի ներքաղաքական խնդիրների հետ: Գիտեք, որ նրանք այսօր բավականին լուրջ խնդիրներ ունեն տնտեսության, նավթի գների անկման, ջրի հետ կապված, նաեւ իրնց երկրում էլ ընդդիմությունը գլուխ է բարձրացնում:


Իրենք վերջին տարիներին իրենք այսպիսի գործողություններով փորձել են ազդել մեր հանրության վրա, մեր քաղաքական կյանքի վրա եւ այլն: Գտնում եմ, որ ՀՀ զինված ուժերը իրենց առջեւ դրված խնդիրը իրականացնում են բարձր մակարդակով: Սա լոկալ ընդհարում է, որին մեր ԶՈՒ-ն, մեր հանրությունը պետք է պատրաստ լինի: Բայց նման լոկալ ընդհարումները միշտ հետեւանքներ ունենում են, այսինքն իրենք փորձում են այլ վայրերում սադրանքներ կազմակերպել: Աստված չանի, որ սա վերածվի լայնամասշտաբ գործողությունների, բայց գտնում եմ, որ ի վերջո, այն հիմքը, այն իրադրության տվյալները չկան, որ լայնածաված գործողություններ սկսեն: Համենայնդեպս, մեր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀ Զինուժը եւ Արցախի ՊԲ-ն կիրառման պլանների համաձայն պատրաստ են ցանկացած գործողությունների ոչ միայն պաշտպանական, այլ նաեւ կանխարգելիչ, պատժիչ, պարտադրող գործողությունների: