Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 14-ին հակառակորդի կրակոցից զոհված 31-ամյա մայոր Գարուշ Համբարձումյանին հուղարկավորում են Եռաբլուր պանթեոնում։

Հուղարկավորությանը ներկա են բարձրաստիճան պաշտոնյաներ եւ պատգամավորներ։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 15-ին, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գարուշ Համբարձումյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Նշենք, որ Գարուշ Համբարձումյանը Գեղարքունիքի մարզի Լուսակունք համայնքում էր ապրում, ուներ երկու որդի։ Նրա եղբայրը նույնպես պայմանագրային զինծառայող է։

Նշենք, որ 2016 թվականին ՊՆ-ն Գարուշ Համբարձումյանին ներկայացրել էր ԶՈւ լավագույն սպաները եւ հրամանատարները շարքում, այն ժամանակ նա դեռ կապիտանի կոչում ուներ։

Կապիտան Գարուշ Համբարձումյանը ավարտել էր ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Ստացել էր սակրավորի մասնագիտություն եւ լեյտենանտի զինվորական կոչում ու նշանակվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային դասակի հրամանատար: Իսկ 2015թ.-ին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար:

Գարուշ Համբարձումյանը անձնակազմի նկատմամբ խստապահանջ էր, օժտված կազմակերպչական ունակութուններով: Սիրելով իր մասնագիտությունը, նա ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ ձեռք էր բերել բավարար գիտելիքների պաշար հավուր պատշաճի իրականացնելու իր ծառայողական պարտականությունները:

Բազմիցս խրախուսվել էր հրամանատարության կողմից։