«Աշոտը 19 տարեկան էր, մեկուկես տարի առաջ էր զորակոչվել, մի քանի ամսից պետք է տուն վերադառնար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված Աշոտ Թորգոմի Խաչատրյանի ազգականը՝ Վաչագան Համբարձումյանը:

«Աշոտը երեխաներից մեծն էր, ունի իրենից փոքր 2 եղբայր, ապրում էր ծնողների հետ: Աշոտը շատ խելացի տղա էր, չափված-ձևված, իր բերանից երբեք հայհոյանք չեմ լսել, մեկի ոտքը որ տրորեր՝ 10 անգամ պետք է ասեր՝ կներեք: Իր դեմքին անընդհատ ժպիտ կար, անգամ, երբ մահացել է, իր դեմքի ժպիտը կար: Շատ աշխույժ երեխա էր, սիրում էր, օգնել բոլորին, յուրահատուկ երեխա էր»,- պատմեց նրա ազգականը:

Աշոտն անցյալ տարի նոյեմբեր ամսին էր արձակուրդ եկել, հերթով բոլոր հարազատներին այցելել էր:

«Ընդհանրապես չէր տրտնջում, չէր բողոքում, ասում էր՝ շատ լավ է, իմ հետ ամեն ինչ կարգին է: Շատ աշխատասեր էր, պապուն ասում էր՝ պապի ջան, երբ բանակից բարով-խերով եկա՝ չեմ թողելու էլ ոչ մի գործ անես, մեղք ես: Հարևանները, համագյուղացիները, դասընկերները, բոլորը միայն լավն են պատմում Աշոտի մասին»,- պատմեց նրա ազգականը:

Աշոտը դպրոցն ավարտել և ընդունվել էր Երևանի պետական համալսարանի Լրագրության ֆակուլտետ, ապա զորակոչվել բանակ:

«Կենսուրախ, կիրթ, հարգանքով երեխա էր Աշոտը, ընդունվեց համալսարան, 4 օր հետո գնաց բանակ, չհասցրեց անգամ 1 ամիս ուսանողական կյանքը վայելեր: Համալսարանում շարադրություն էին հանձնարարել, մի քանի թեմա էր եղել, Աշոտն ընտրել էր «Իմ շրջադարձային օրը» թեման ու գրել էր «Եռաբլուր»-ի մասին. հիացել էին համալսարանում: Հայրենասեր երեխա էր, պետք է գնային ԱՄՆ, չստացվեց, ասում էր՝ եթե գնայի էլ, անպայման պետք է վերադառնայի, ծառայեի, իմ հայրենիքին պարտքս կատարեի, նոր գնայի»,- պատմեց Աշոտի հորաքույրը՝ Անի Խաչատրյանը:

Աշոտը սեպտեմբերի 24-ից սկսած ամեն օր զանգում էր, վերջին անգամ սեպտեմբերի 28-ի գիշերն էր զանգահարել ծնողներին.

«Վերջին անգամ մամայի, պապայի հետ է խոսել, դուխը տեղն է եղել, ասել է՝ ամեն ինչ լավ է լինելու, մենք դրանց սատկացնում ենք, հետ ենք շպրտում, պապ ջան, ոչ մի բանի մասին չմտածես: Մեր իմանալով՝ դեպքը եղել է լույս 29-ի գիշերը, այդ զանգից մի քանի ժամ հետո»,- պատմեց Աշոտի հորաքույրը:

Չնայած նրան, որ ՊՆ-ն առաջարկել է Աշոտին հուղարկավորել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, հարազատները, սակայն, ցանկացել են, որ նրա մարմինն ամփոփվի հայրենի գյուղում: Աշոտ Թորգոմի Խաչատրյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին: