Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցում Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ գիշերը սահմանին եղել է համեմատաբար հանգիստ, մոտավորապես 70 անգամ է խախտվել հրադադարի ռեժիմը, հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր՝ ոչ մեծ տրամաչափի: Նրա խոսքերով՝ ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը:

Պատասխանելով լրագրողի հարցին, որը վերաբերում էր Ադրբեջանի կողմից արվող այն շահարկումներին, թե Հայաստանը կարող է հարված հասցնել նավթագազային համակարգերին, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հստակ նշեց, որ Ադրբեջանի կրած պարտությունից հետո դա նոր քարոզչական թեզ է՝ ուղղված արտաքին լսարանին: ՀՀ զինված ուժերը մշտապես ունեցել են նման հնարավորություն տեխնիկապես, բայց երբեք չեն ունեցել եւ չունեն նման ցանկություն: Դա Ադրբեջանի կողմից շրջանառվող կեղծ թեզ է։ Որպես պաշտպանության նախարարության ներկայացուցիչ ասեմ, որ այո, տեխնիկապես ՀՀ զինված ուժերը վաղուց կարող էին դա իրականացնել, բայց մենք նման ծրագիր չենք ունեցել, չունենք, քանի որ դա հայեցի չէ:

Մենք ասում ենք՝ այս տարածաշրջանով անցնող նավթագազային մուղերը, որոնք ունի Ադրբեջանը, միջազգային ընկերություններին են պատկանում, թող միջազգային ընկերությունները վստահ լինեն, որ Հայաստանի Հանրապետությունը անվտանգության երաշխավոր է եւ ոչ թե սպառող: Հայաստանի Հանրապետությունը ավելի լավ կարող է ապահովել դրանց անվտանգությունը, քան որեւէ մեկն այս տարածաշրջանում»: Նմանօրինակ մեկ այլ հարցի պատասխանելով՝ Արծրուն Հովհաննիսյանը կրկին ընդգծեց. «Եթե դրանք անցնեն մեր վերահսկողության տակ, Հայաստանն ավելի լավ, քան որեւէ մեկը երաշխավորում է դրանց անվտանգությունը»: