Կյանքից հեռացել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալակիր, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր քանդակագործ Թորոս Ռասթկելենյանը, որը հանրության լայն շրջանակին հայտնի է Ռասթ-Կլան ազգանվամբ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է ֆրանսահայ լրագրող Գրիգոր Ամիրզայանը:

«Ցավով իմացանք, որ անցած գիշեր մահացել է մեր ընկերը, քանդակագործ Թորոս Ռասթկելենյանը: Ցավակցում ենք նրա կնոջը՝ Մարիին, զավակներին՝ Էրսեին և Գայանեին, նրա բոլոր հարազատներին»,- գրել է Ամիրզայանը:

Թորոս Ռասթկելենյանը ծնվել է 1934 թվականի դեկտեմբերի 12-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: Հեղինակի՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող քանդակները տեղադրված են Ֆրանսիայի տարբեր քաղաքներում: Ռասթկելենյանը սիրահարված է եղել արդարությանն ու ազատությանը, ինչն արտահայտվել է նրա քանդակներում:

2015 թվականին քանդակագործը ժամանել էր Հայաստան: Նա Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ Կոմիտասի թանգարան-ինստիտուտին է նվիրել Կոմիտաս վարդապետի քանդակը:

«Կոմիտասը մեզ լուսավորեց, և մեր պարտականությունն է միշտ հիշել և վառ պահել նրա հիշատակը: Մենք առավելություն ունենք այլ ազգերի նկատմամբ, քանի որ մեր ազգի ամեն մի ստեղծագործությունում առկա է ազգային ոճը»,- նշել է նա: