Վարչապետի ծառայողական ինքնաթիռի նշագծման համար 250 000 դոլար չի ծախսվել, լրատվամիջոցներում այս մասին տարածվող տեղեկությունը կեղծ է: Այս մասին տեղեկացնում է «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը:

Լրատվամիջոցներում շրջանառվում է տեղեկատվություն այն մասին, թե Հայաստանի կառավարությունը նախորդ ամիս շուրջ 210 000 եվրո (250 000 ԱՄՆ դոլար) գումար է հատկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական «Airbus A319» ինքնաթիռի վրա ազգային և գրանցման նիշերի նշագծման համար։ Ծառայողական ինքնաթիռի նոր տեսքը քննարկումների առիթ է դարձել հատկապես «ֆեյսբուք»-ի հայկական տիրույթում։

Տեղեկությունը, սակայն, չի համապատասխանում իրականությանը։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» կառավարությունից հայտնել են, որ լրատվամիջոցների հիշյալ հրապարակումը ամբողջությամբ ապատեղեկատվություն է։

Վարչապետին սպասարկող օդանավի ներկման գործընթացի մանրամասները հանդիսանում է պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք համարվող տեղեկատվություն և կարգավորվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի» մասին ՀՀ օրենքով։