Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ԱԷՄԳ 64-րդ գլխավոր համաժողովում հանդես է եկել ելույթով, որից ներկայացնում ենք հատված․
«Կորոնավիրուսի դեմ պայքարի այս դժվարին պայմաններում Հայաստանը բախվեց մեր երկրի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար ծայրահեղ վտանգավոր և աննախադեպ մարտահրավերի: Խոսքս Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարված հասցնելու իրական սպառնալիքի մասին է, որը հնչեցրել է Հայաստանի հարևան պետության ներկայացուցը։ Առաջին անգամ մենք բախվում ենք մի իրավիճակի, երբ ատոմակայանի անվտանգությանն ուղղված իրական սպառնալիքը գալիս է ոչ թե ահաբեկչական կազմակերպության, այլ պետության անունից` վերջինիս պաշտոնական ներկայացուցչի միջոցով: Ավելին, մի պետության, որը միջազգային հանրությանառջև դիրքավորվում է որպես նրա պատասխանատու անդամ և միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ:
Ցավոք, մինչ օրս միջազգային հանրությունը չունի արդյունավետ զսպող մեխանիզմներ` որևէ պետության կողմից ատոմակայանների անվտանգությանը սպառնացող հնարավոր սպառնալիքները կանխելու, ինչպես նաև արդեն հնչած սպառնալիքներին արդյունավետ և ժամանակին արձագանքելու համար:
Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ զինված բախումների ժամանակ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական ներկայացուցչի կողմից բարձրացված Մեծամորի ատոմակայանին հարված հասցնելու սպառնալիքը ոչ այլ ինչ է, քան մարդկության դեմ ուղղված հանցագործություն և պետք է համապատասխան արձագանք ստանա միջազգային հանրության կողմից:
Հայաստանը կշարունակի գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ապագայում նման սպառնալիքները կանխելու ուղղությամբ։
Հարգելի՛ պատվիրակներ
​Սեպտեմբերի 21-ին մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձը: Իր անկախությունը հռչակելուց, ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին անդամակցելուց և բարեկամական պետությունների հետ գործընկերային հարաբերություններ հաստատելուց ի վեր Հայաստանը մշտապես աջակցում է միջուկային զենքի չտարածման և ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման քաղաքականությանը: Ելնելով այս սկզբունքներից` Հայաստանի կառավարությունը սերտ համագործակցություն է հաստատել ԱԷՄԳ-ի հետ միջուկային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, այդ թվում` միջուկային օբյեկտների ֆիզիկական պաշտպանության հարցերի շուրջ»: