Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստանի Մեծամորի ատոմակայանի հարցով բաց նամակով դիմել են Բրյուսելում երեկ մեկնարկած Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի համանախագահներին՝ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրուային և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիին, գրում է «Ազատությունը»:

Ըստ ադրբեջանական կողմի՝ նրանք կոչ են արել գագաթնաժողովի ղեկավարությանը ուշադրություն դարձնել, ինչպես իրենք են բնորոշել, «վթարային վիճակում գտնվող ատոմակայանից սպառնացող գլոբալ վտանգին» և Հայաստանի կառավարության առջև բարձրացնել ատոմակայանի գործունեությունն անհապաղ դադարեցնելու հարցը։

«Մեծամորի ատոմակայանը, որը կառուցվել է 1976 թվականին 9,5 բալլանոց սեյսմիկ գոտում, աշխատում է հին տեխնոլոգիաներով և նախատեսված է 8 բալլի համար։ Այն մեծ միջուկային վտանգ է ներկայացնում Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար», - ասված է հայտարարությունում:

Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ ակտիվորեն համագործակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ միջուկային անվտանգության ապահովման հարցում՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները։ Երեկ այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի ժամանակ նաև տեղեկացնելով, որ Հայատանը երկարացնում է ատոմակայանի շահագործման ժամկետը 2026-ից մինչև 2036-ը:

Գրոսսին էլ 2022-ի վերջին էր Երևանում։ Գործակալության գլխավոր տնօրենը վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկել էր ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքները, գոհունակությամբ խոսել ատոմակայանում բարեփոխումների մասին։