Lragir.am-ը գրում է. Թուրքիան Ադրբեջանի միջոցով մեծ ինտենսիվությամբ հրթիռակոծում է Արցախի խաղաղ բնակավայրերը: Ընդ որում, Արցախի խաղաղ բնակավայրերի թիրախավորման ինտենսիվությունն ու մասշտաբը մեծացել է մոտ 40 օր շարունակվող պատերազմի երկրորդ կեսում:

Հնարավոր է, որ թիրախավորման են ենթարկվում բնակավարեր, որոնք ըստ թուրքական պատերազմական պլանի պատերազի առաջին կեսին արդեն իսկ պետք է լինեին իրենց վերահսկողության տակ: Հնարավոր է, որ նաեւ այդ պատճառով թիրախավորման ինտենսիվությունը եւ մասշտաբը մեծ չէր պատերազի առաջին օրերին ու շաբաթներին. թուրքերն ակնկալում էին վերցնել այդ բնակավայրերը հնարավորինս արագ:

Այդ ակնկալիքը չի արդարացել: Չի արդարանում նաեւ դիվերսիոն ներթափանցման ակնկալիքը: Հարավային պաշտպանական շղթայի հարաբերական ճեղքումից հետո դիվերսիոն ներթափանցման եւ հոսքի որոշակի ուղիներ բացելով, թուրք-ադրբեջանա-ահաբեկչական միավորները հայտնվել են Արցախի կարեւոր բնակավայրերին մոտ, դրանց մատույցներում, սակայն այդտեղ կրում են մեծ կորուստներ: Այդ հանգամանքը թերեւս նույնպես ստիպել է ինտենսվացնել խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, դիվերսիոն «երակները» փրկելու նկատառումով:

Դիվերսիոն ներթափանցումների հարցում Թուրքիան ակնկալում է ոչ միայն ռազմական արդյունք, այլ նաեւ քաղաքական` զուգահեռ ընթացող քաղաքական գործընթացում պայման թելադրելու համար: Միաժամանակ, որքան հայկական ուժերը ոչնչացնում են դիվերսանտներին, այդքան նվազում է այդ նախաձեռնության քաղաքական արժեքը Թուրքիայի եւ Բաքվի համար:

Հատկապես որ դիվերսիաներին թերեւս ներգրավված են նաեւ անմիջականորեն թուրք հատուկջոկատայիններ, ինչի առնչությամբ, ի դեպ, հայկական կողմը խոստացել է անակնկալներ թշնամուն, ինչպես օրեր հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Անկարան լայնամասշտաբ ճակատային պատերազմի երկու-երեք շաբաթների տապալումից հետո փոխելով պատերազմի տրամաբանությունը, հայկական կողմին մտադիր էր մատուցել անակնկալ` «դիվերսիոն մոլախոտի» տարածման տեսքով: Ընդ որում, միանգամայն հնարավոր է, որ առաջին օրերին այդ անակնկալը ստացվել է: Սակայն, ինչպես նշում են հայ զինվորականները` հայկական զինուժը հարմարվել է այդ խնդրին եւ փորձ ձեռք բերելով ամեն օրվա հետ, արդեն ինքն է անակնկալ պատրաստվում թշնամու համար:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում