Թյուրքական երկու պատերազմող երկրներում՝ Թուրքիայում եւ Ադրբեջանում, որոնք ղեկավարվում են «մեկ ազգ երկու պետություն» կարգախոսով, եւ որոնք ռազմաքաղաքական դաշինք են կազմել, ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում, որոնք արժանի են վերլուծելու։ Անկարան պատերազմում է Սիրիայում եւ Լիբիայում, ռազմական գործողություններ է իրականացնում Իրաքի հյուսիսում։

Ադրբեջանը, ունենալով Թուրքիայի աջակցությունը սկսել է Ղարաբաղյան պատերազմը, նպատակ ունենալով վերականգնել 1994 թվականին կորցրած շրջանների վրա վերահսկողությունը։ Ինչպես հայտնում է Sabah պարբերականը, ներկայումս ձեւավորվել է Մերձավոր-Արեւելյան եւ Անդրկովկասյան միասնական թյուրքական ճակատ, որը ներկայացնում է որպես մեկ «անոթային համակարգ» որտեղ «Սիրիան հանդես է գալիս որպես Անդրկովկաս եւ Մերձավոր Արեւելքը՝ որպես Ղարաբաղ»։ Ընդ որում, ստեղծվել է ինտրիգային իրավիճակ։

Լիբիայում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խաղադրույք է կատարել էթնիկ թուրք վարչապետ Ֆայիզ աս-Սարաջի վրա, Տրիպոլին փաստացի իր տիրապետության տակ բերելով։ Ճիշտ նույն կերպ էլ Անկարայի տիրապետության տակ է հայտնվել Բաքուն, որպեսզի ընդարձակի աշխարհաքաղաքական տարածքը՝ մանեւրի համար։ Այս առնչությամբ, թուրքական կառավարությանը մոտ կանձնած փորձագետները նշում են, որ Էրդողանը միաժամանակ ճնշումներ է գործադրում Սարաջի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վրա, որպեսզի նրանք չհամաձայնեն հակամարտության կարգավորմանը առանց Թուրքիայի մասնակցության, եւ չձեւավորեն հակաթուրքական դիվանագիտական միջավայր, որը թույլ կտա արտաքին այլ խաղացողների իրենց սցենարները անցկացնել։

Անկարայի ռազմավարական հաշվարկն այն է, որ Աստանայի ֆորմատը՝ Թուրքիա-Ռուսաստան-Իրան, տարածվի նաեւ Լիբիայի եւ ԼՂ հակամարտության կարգավորման վրա։ Լիբիայում պլանավորվել էր առ ոչինչ դարձնել ամերիկա-գերմանական նախաձեռնությունները՝ կրակի դադարեցման ռեժիմի վերջնական հաստատման համար, ինչը կնշանակեր թուրքական ուժերի, փորձագետների եւ Անկարայի հանդեպ լոյալ սիրիացի վարձկանների դուրսբերում, իսկ Անդրկովկասում հաշվարկն այն էր, որպեսզի արգելափակվեր ԵԱՀԿ ՄԽ-ն եւ լուծարվեր։ Այսպես, Էրդողանը իրականացնում էր իր ռեգիոնալ եւ միջազգային ռազմավարությունը, որպեսզի դիմակայեր ոչ միայն արեւմտյան, այլ նաեւ ռուսական ճնշումներին, մերժելով ռուսական պահանջները Լիբիայում եւ Սիրիայում, ինչպես նաեւ, ինչը ավելի կարեւոր է՝ Անդրկովկասում։ Սակայն Լիբիայում թուրքերը բախվեցին մի կոալիցիայի, որտեղ Ֆրանսիան է, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը եւ Իսրայելը, որոնք խաղադրույք են կատարել լիբիացի արաբների վրա։ Այնտեղ կարողացան Էրդողանից ավելի խորամանկ գտնվել։

Շվեյցարիայում խորհրդակցություններից, եւ սեպտեմբերի 6-10 Մարոկկոյի Բուզնիկեում տեղի ունեցած բանակցությունների հետո, որոնք ընթացան Բարձրագույն պետական խորհրդի եւ ներկայացուցիչների պալատի միջեւ, Սարաջը հայտարարեց, որ պատրաստ է հեռանալ, ինչը պոտենցիալ կերպով զրոյացնում է երկիշխանության հեռանկարը Լիբիայում եւ բացում նոր հնարավորություններ այդ երկրում հակամարտության կարգավորման համար։ Անդրկովկասում չաշխատեց «կայծակնային պատերազմի» սցենարը Ղարաբաղում, որը ձեռք է բերում ձգձվող դիրքային բնույթ։

Սա լավ են տեսնում ու հասկանում ինչպես Անկարայում, այնպես էլ Բաքվում, որտեղ ընդդիմադիր ուժերը սկսել են տարբեր կերպ իրենց դրսեւորել։ Այսպես Թուրքիայում Էրդողանին խիստ քննադատության ենթարկեց նրա նախկին զինակից, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։ Նրա խոսքերով, «Էրդողանն իրենից ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան կորոնավիրուսային համավարակը։ Նա կոչ է արել արտահերթ ընտրություններ անցկացնել։ Էրդողանին աջակցելու հակված փորձագետները արդեն հայտարարում են, որ Էրդողանի հսկայական սխալները արտաքին քաղաքականության ոլորտում բերել են նրան, որ իշխանությունը 17 տարվա մեջ առաջին անգամ սահում է նրա ձեռքերից՝ հետզհետե հասունացող քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի պատճառով։ Պարզ ասած՝ թուրքական տնտեսությունը չի կարողանում պահել արտաքին քաղաքականության բեռը, որը ոչ միայն թանկ արժի, այլ նաեւ վախեցնում է ներդրողներին։ Կորցնում է ազդեցությունը նաեւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը։

Հաջորդ համընդհանուր ընտրությունները Թուրքիայում պետք է կայանան 2023 թվականին, սակայն ընդդիմադիր կուսակցությունները վստահ են, որ բավական է մի քանի տոկոս էլ հավաքեն, որպեսզի իշխանությունից հեռացնեն իշխող կոալիցիային։ Էրդողանը իշխանության է եկել որպես վարչապետ 2003 թվականին, իսկ նախագահ է դարձել 2015 թվականին եւ ստեղծել է հիմնականում պահպանողականներից բաղկացած նվիրված կողմնակիցների բազա։ Սակայն նա նաեւ բեւեռացրել է Թուրքիան, ահաբեկելով եւ դաժան վերաբերմունք ցուցաբերելով ընտրողների հանդեպ, որոնք դժվար թե իր օգտին էլ քվեարկեն։ Սա բերել է նրան, որ խորը պառակտում է ձեւավորվել երկրի երկու մասերի միջեւ, որտեղ գերազանցապես ձախ, սեկուլյար եւ ազատական զանգվածները խորապես ատում են Էրդողանին։ Այսօր Էրդողանի կողմից ասպարեզ նետված թուրքական ազգայնական ոգին այլեւս չի սնվում ճակատային հաղթանակներից։ Եթե խոսենք Ղարաբաղյան պատերազմի մասին, ապա այն դառնում է «թույլ օղակ» Թուրքիայի նախագահի լավատեսական ձգտումների եւ կանխատեսումների համակարգում, ինչը ավելի լայն աշխարհաքաղաքական ենթատեքստ է ձեւավորում իր մեջ։ Ամեն բան հստակ չէ նաեւ Ադրբեջանում, որտեղ ինչ որ բան է տեղի ունենում զինվորականության հետ։ Ինչպես գրում է ռուս լրագրող Սեմյոն Պեգովը, հայտնվել են տեղեկություններ՝ ստամբուլյան աղբյուրներից, որ թուրքերը հրամանատարությունից հեռացրել են Ադրբեջանի Պնախարար Զաքիր Հասանովին, ով իրականացնում է զուտ դեկորատիվ գործառույթներ։ Մինչ այս պահը, պաշտոնական Բաքուն հերքմամբ հանդես չի եկել, սակայն Ադրբեջանի ԳՇ ղեկավար Նաջմեդդին Սանդիկովի հետ տեղի ունեցած սկանդալից հետո մտածումների առիթ կա, քանի որ վերլուծական հոդվածներ են հրապարակվում, որ ադրբեջանական գեներալները ապստամբություն են նախապատրաստում ընդդեմ թուրքական հրամանատարության, եւ Ալիեւն էլ, Էրդողանն էլ կորցնում են իրենց երկրներում իրավիճակի հանդեպ վերահսկողությունը։ Մենք մեր հերթին ուշադրության ենք հրավիրել այն բանի վրա, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն պատահական չէ, որ հանդես էր եկել կոչով ուղղված ԵՄ-ին, հորդորելով միանշանակ կերպով ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, առանց բայց-երի եւ եթե-ների։

Մինչ այդ, Ալիեւն արդեն երրորդ անգամ վերջին շրջանում հայտարարում է, որ պատրաստ է հանդիպել Մոսկվայում իր հայ գործընկերոջ հետ, թեեւ ինչ որ նախապայմաններ է առաջ քաշում։ Մի խոսքվ, այս եւ մի քանի այլ իրադարձություններ մի ամբողջ եզրակացությունների շղթա են ծնում, որոնց հարցում շտապելու կարիք դեռ չկա։ Կարեւորը հիմա հասնելն է կրակի դադարեցմանը ռազմաճակատում եւ այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք թույլ կտան անցում կատարել խաղաղ բանակցությունների։ Առջեւում մեծ դիվանագիտական աշխատանք կա անելու՝ շահերի բալանսի որոնման մասով, որը ձեռնտու կլիներ երկու կողմերին էլ։


Ստանիսլավ Տարասով

Regnum