Lragir.am-ը գրում է. 

Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով ԱԳՆ անանուն աղբյուրին, անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հասցեին Բաքվի ղեկավար Ալիեւի հայտարարությանը: Ալիեւը անդրադառնալով Լավրովի խոսքին, որ արցախյան հակամարտության գոտում մերձավորարեւելյան վարձկան-ահաբեկիչների թիվը ըստ տեղեկության հասնում է 2000-ի, հայտարարել էր, թե ցավում է, որ միջնորդական չեզոքության կոչված երկրների բարձրաստիճան պաշտոնյաները կարող են անել անհիմն տեղեկությունների վրա կառուցված հայտարարություններ:

ՌԴ ԱԳՆ անաւոն աղբյուրը ՏԱՍՍ-ի հետ զրույցում նշել է, որ իրենց անհասկանալի է Ալիեւի «հուզական արձագանքը»: ՌԴ ԱԳՆ աղբյուրի խոսքում ուշադրության է արժանի այն, որ նշվում է, թե Լավրովը որեւէ երկրի չի մեղադրել ահաբեկիչներ բերելու համար: Մեջբերելով Լավրովի հայտարարությունը, ՌԴ ԱԳՆ աղբյուրը նշում է. «Ինչպես տեսնում ենք, մեկնաբանության մեջ չկա նախատինք ոչ Ադրբեջանի, ոչ որեւէ այլ երկրի հասցեին»:

Ռուսաստանի ԱԳՆ անանուն աղբյուրը փաստացի ակնարկում է, որ Լավրովի «անհասցե» հայտարարության առնչությամբ Ալիեւի արձագանքը ինքնախոստովանություն է եւ Ադրբեջանը իր վրա է վերցրել «մեղքը», որը Լավրովը չի դրել որեւէ մեկի վրա:

Բայց, այստեղ անշուշտ առաջանում է այլ հարց: Եվ ի՞նչ: ՌԴ ԱԳՆ-ն անհասկանալի է որակում Ալիեւի «զգայական արձագանքը»: Այսինքն, Մոսկվան դրանով ակնարկում է թերեւս, որ Ալիեւը նյարդային վիճակում է: Էրդողանի գործիքը դարձած գործչի վիճակն իսկապես ծանր է, ընդ որում թե ռազմական, թե քաղաքական առումով: Սակայն, ինչպիսի՞ն է ՌԴ վիճակը, որ ծանր վիճակում գտնվող Ալիեւին պատասխանում են «անանուն»:

Իսկ ինչու՞ է Սերգեյ Լավրովը «անհասցե» խոսում ահաբեկիչների մասին: Ինչու՞ չի խոսվում, որ դրանց տեղափոխումը իրականացնում է Թուրքիան, իսկ ապաստանում են դրանք Ադրբեջանում: Չէ՞ որ այդ «անհասցեությունը» թույլ է տալիս լղոզել խնդիրը, ստեղծում է այսպես ասած «կուլիսային» առեւտրի միջավայր, քանի որ իրերը իրենց անունով լիարժեք կոչելու պարագայում այդ առեւտուրը բարդանալու է, եւ բարձրանալու է ռեգիոնը ահաբեկչական որջի վերածելու համար պատասխանատվության խնդիրը՝ ընդ որում թե վերածողի, թե դրանից մտահոգվող, բայց գործնականում իրերն իրենց անուններով չկոչողների համար:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում