ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «168 ժամ»-ի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանից փոխհատուցում պահանջելու վերաբերյալ հայտարարությանը։ «1995 թվականից հետո Ադրբեջանն ամեն անգամ հայտարարում էր, որ վնասների հատուցում է պահանջելու Հայաստանից, բայց երբեք այդ քայլին չէր գնում։ Անգամ 2002-ին, երբ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ դարձավ, հայց չներկայացրեց Հայաստանի դեմ, որովհետև նրանք չունեին հստակ ապացույցներ, որ Հայաստանն է պատասխանատու այս ամբողջ գործընթացի համար, քանի որ ՀՀ-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ստորագրել էր հրադադարի պայմանագիրը՝ ընդամենը որպես երաշխավոր»,- ասաց Կոստանյանը՝ նշելով, որ դրանից ստացվում էր, որ պատասխանատու սուբյեկտը Լեռնային Ղարաբաղն էր, ոչ թե Հայաստանը։
«Դեռևս երկու տարի առաջ ես տեղեկություններ ունեի, որ Ադրբեջանը պայմանագրեր է կնքում միջազգային այլ երկրների հեղինակավոր իրավաբանների հետ և նախապատրաստում է ներկայացնել հայց ընդդեմ Հայաստանի՝ 50 մլրդ դոլար փոխհատուցում պահանջելու համար»,- հայտարարեց նախկին գլխավոր դատախազը։
Նրա խոսքով՝ երբ այդ հարցի շուրջ զրուցել է Ադրբեջանի կողմից վարձված իրավաբանների հետ, նրանք ասել են, որ դեռ հիմքեր չունեն, աշխատում են ապացույցներ ձեռք բերելու շուրջ։ «Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անունից ստորագրեց այդ փաստաթուղթը և, ըստ էության, կապիտուլյացիայի ենթարկեց Հայաստանն ու Արցախը, Ադրբեջանի նախագահը հանդգնություն է ունենում արդեն հայտարարելու, որ իրենք դիմելու են դատարան Հայաստանից փոխհատուցում ստանալու պահանջով»,-ասաց Կոստանյանը՝ ընդգծելով, որ այդ փաստաթղթով Փաշինյանը ՀՀ-ը ճանաչել և համարել է պատասխանատու սուբյեկտ։ «Դրա համար էլ ստորագրման անմիջապես հաջորդ օրն Ալիևն ասաց, որ սկսել են հաշվարկել վնասների փոխհատուցման հարցը, որը պետք է վճարի Հայաստանը։
Նախկին գլխավոր դատախազի խոսքով՝ Ալիևի պահանջած 50 միլիարդը Հայաստանի 15 տարվա պետական բյուջեի չափն է։