Սրբավայրը ամեն դեպքում պետք է պահպանվի: Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է Դադիվանքը հսկող ռուս խաղաղապահների դասակի հրամանատարը: Զրույցի մեկնարկից առաջ սպան ընդգծել է, որ ինքը իրավունք չունի առանց ղեկավարության թույլտվության լրատվամիջոցներում հրապարակել իր անունը եւ կոչումը:

Նրա խոսքով՝ նրանք դիտակետեր են կազմակերպել վանքի շրջակայքի առանցքային կետերում:

«Խնդիրն առաջին հերթին ավեր, թալան, վանդալիզմի գործողություններ եւ սադրանքներ թույլ չտալն է: Կապ չունի դա հայ թե ադրբեջանական բնակչության կողմից է: Մենք ունենք չեզոք դիրքորոշում…

Ադրբեջանի վարչակազմի ներկայացուցիչները կժամանեն այստեղ՝ տարածքների փոխանցման համար: Մեր խնդիրն է համագործակցել նրանց հետ: Եթե հայ բնակիչները մնան այստեղ, մեր խնդիրն է օգնել նրանց: Թույլ չտալ այն, ինչ եղել է 1992 եւ 1994 թվականներին»:

«Ճիշտն ասած, ես խիստ կասկածում եմ, որ բնակիչներից որեւէ մեկը կմնա: Բայց եթե դա տեղի ունենա, մեր խնդիրն է կանխել նրանց իրավունքների ոտնահարումը: Համենայն դեպս, եթե դրանք լինեն աղաղակող փաստեր՝ պատերազմական հանցագործություններ եւ այլն: Ճիշտն ասած, մենք պարզապես չենք կարող հետեւել մանր բախումներին: Սա ստանդարտ խաղաղապահ գործողություն է: Իրականում հենց սա է մեր պարտականությունը»:

Հարցին, թե կա՞ պատկերացում, թե ինչ է սպասվում Դադիվանքին, նա նշել է. «Ես հիմա արտահայտելու եմ զուտ անձնական կարծիք, որը, հնարավոր է, տարբերվում է հրամանատարության դիրքորոշումից: Սրբավայրը ամեն դեպքում պետք է պահպանվի: Եվ ուխտավորների մուտքը դրան պետք է ապահովվի: Թե կոնկրետ ինչպես դա պետք է իրականացվի, բարձրաստիճան պաշտոնյաների բանակցությունների խնդիր է:

Բայց որքան ես գիտեմ, եւ քահանա հայր Հովհաննեսը նույն տեղեկությունը մեզ տվեց, վանք այցելելու հարցը, արարողակարգերի անցկացման հարցը արդեն լուծվել է դրական ուղղությամբ: Թե կոնկրետ ինչպես դա կիրականացվի, ականատես կլինենք առաջիկայում: Եթե, այնուամենայնիվ, տարածաշրջանը հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ, կարծում եմ, որ ամեն ինչ կլուծվի քաղաքակիրթ ձեւով: Ես իսկապես հավատում եմ դրան»:

«Գիտեք, երբ հասանք այստեղ, ես հստակ հասկացա, որ եկել ենք քրիստոնյաներին պաշտպանելու: Եվ այս օրերին ես հայերից ոչ մի բացասական բառ չեմ լսել: Սա ինձ համար էլ հայտնագործություն եղավ: Ես սպասում էի, որ ինչ-որ մեկը կասի. «Դուք մեզ գցեցիք, ինչու ավելի շուտ չեկաք…»:

Հայկական կողմի ներկայացուցիչները մեզ զգուշացրեցին նաեւ, որ կան «զգացմունքներով» մարդիկ: Հասկանալի է, որ ինչ-որ մեկը մեծ ողբերգություն է ապրել այս օրերի ընթացքում, եւ ինչ-որ մեկը հիմա էլ այն ապրում է: Ես անձամբ դա հասկանում եմ: Բայց ես ասում եմ ձեզ այնպես, ինչպես կա։ Ոչ ոք ագրեսիա չի ցուցաբերել մեր նկատմամբ: Բացարձակապես ոչ ոք:

Այլ հարց է, որ մեզ առաջիկայում սպասվում է հնգամյա ժամկետ՝ դե, ըստ հայտնի պայմանագրերի: Բայց կրկնում եմ՝ մեր ստորաբաժանման հիմնական խնդիրն է վերահսկել վանքը եւ, անհրաժեշտության դեպքում, պաշտպանել այն: Ոչ միայն որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտ, այլեւ որպես քրիստոնեական սրբավայր: Որտեղ հոգեւորականները պատարագ են մատուցում, եւ ուր ուխտավորներ են գալիս:

Դուք ինքներդ եք հասկանում, որ տարածքների փոխանցման համատեքստում այստեղ մեր աշխատանքը շատ կարեւոր է: Տեղի բնակիչները ինչպես կվարվեն մեզ հետ, վստահ եմ, որ դրական: Բայց հիմա եւս մեկ անգամ ընդգծեմ, որ մեր դիրքորոշումը լիովին չեզոք է…

Որքան էլ մենք համակրում ենք հենց հայկական կողմին՝ դե, ինքներդ եք հասկանում, թե ինչու, չեմ կարծում, որ արժե բացատրել։ Այնուամենայնիվ, մենք կկասեցնենք խաղաղությունը խաթարելու ցանկացած փորձ: Ցանկացած կողմից: Մեր մարդիկ պետք է այստեղ չեզոք լինեն»: