Իրանի Մեջլիսը (խորհրդարանը) երեքշաբթի քվեարկել է մի օրինագծի օգտին, որը կառավարությանը պարտավորեցնում է բարձրացնել ուրանի հարստացման մակարդակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով IRIB-ն:

Նշվում է, որ օրինագծին կողմ է քվեարկել 290 պատգամավորներից 248-ը: Որպեսզի օրենքն ուժի մեջ մտնի, նախագիծը պետք է հաստատվի Իրանի Սահմանադրության պահապան խորհրդի կողմից:

Կիրակի օրը Մեջլիսը քվեարկել էր այս օրինագծի քննարկումն արագացնելու օգտին: Որոշումը կայացվել էր ուրբաթ օրը միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանության մասին լուրի ֆոնին, ով ղեկավարում էր երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտական ​​կենտրոնը:

Օրինագիծը պետք է կառավարությանը պարտավորեցնի տարեկան առնվազն 120 կգ մինչեւ 20 տոկոս հարստացված ուրան արտադրել: Մինչդեռ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն (ԳՀՀԾ) Իրանին թույլ է տալիս 15 տարվա ընթացքում ուրանի հարստացումը հասցնել առավելագույնը 3.67 տոկոսի մակարդակի: Բացի այդ, երկրի իշխանությունները մեկ տարվա ընթացքում պետք է հազար լրացուցիչ ցենտրիֆուգ շահագործման հանձնեն Նաթանզում եւ Ֆորդոյում գտնվող միջուկային կայաններում:

Օրենքը նաեւ անհապաղ վերադարձ է նախատեսում Արաքում միջուկային ռեակտորի վերակառուցման նախագծին, որը գոյություն է ունեցել մինչ միջուկային գործարքի ստորագրումը: Ըստ ԳՀՀԾ-ի` Թեհրանը խոստացել է վերակառուցել Արաքի ռեակտորը` խաղաղ նպատակներով միջուկային հետազոտություններ իրականացնելու համար: Պայմանավորվածությունների շրջանակներում Իրանի իշխանությունները ոչնչացրել էին այս ռեակտորի միջուկը: