Lragir.am-ը գրում է. Բելգիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունեց Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձեւ։ Ֆրանսիայից հետո Բելգիայի խորհրդարանը երկրորդ պետությունն է, որ դնում է Արցախի ճանաչման եւ տարածքային ամբողջության վերականգնման հարց: Կմիանա՞ն արդյոք այլ երկրներ Ֆրանսիային ու Բելգիային: Հավանականությունը մեծ է:

Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայից բացի, մյուս համանախագահ ԱՄՆ-ն եւս պարբերաբար բարձրացնում է կարգավիճակի հարցը, նշելով, որ պետք է լինի լիարժեք կարգավորում, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարգավորում չէ: Այսօր նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգանը, հայտարարություն են տարածել Մինսկի խմբի համանախագահները։

Նոյեմբերի 9-ից հետո «անսպասելի» աշխուժացած ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Արցախի կարգավիճակի հարցը կախված են պահում Մոսկվայի, Բաքվի ու Անկարայի վրա: Ռուսաստանը բարդ վիճակում է՝ մի ոտքով եռանախագահության, մյուսով՝ եռակողմ համաձայնության մեջ։ Հայաստանի վրա պատասխանատվությունը բարդելու ռեսուրսն անսպառ չէ, նմանապես անսպառ չեն քարոզչական հնարքներն ու թեզերը, իսկ առանց դրանց դժվարանում է այս երկուսի արանքում «հավասարակշռությունը» պահելը։

Հայաստանը ոչ միայն աշխատելու տեղ ունի, այլ վաղուց այդ աշխատանքը պետք է սկսած լիներ, եթե իհարկե քաղաքական դասը համազգային ողբից ու օտարահպատակությունից անդին պատկերացում ունի քաղաքականության ու դրա հնարավորությունների մասին։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2020/12/04/605320/