Երևանի պետական մանկավարժական համալսարանի 1-ին կուրսի ուսանողուհի, 18-ամյա Անի Ասատրյանը պատերազմի օրերին շատ այլ աղջիկների պես որոշել էր նամակ ուղարկել հայրենիքը պաշտպանող անծանոթ զինվորին՝ դրական տրամադրություն փոխանցելով Երևանից առաջնագիծ։

Ասում է՝ նամակ գրելիս և ուղարկելիս մտքով էլ չէր անցնում, որ պատերազմի ավարտից հետո զինվորը կփնտրի ու կգտնի իրեն։

Արկղում, որի մեջ գցել էր նամակը, կային ևս 20-ից ավելի նամակ՝ գրված համալսարանում սովորող այլ աղջիկների կողմից, սակայն իր նամակի հասցեատերն է միայն արձագանքել, ինչն էլ կրկնակի զարմացրել է Անիին։

Անին պատմում է, որ մասնակցում էր համալսարանի նախաձեռնած կամավորական աշխատանքներին՝ առաջնագծում պայքարող զինվորներին սնունդ, հիգիենայի պարագաներ և այլ իրեր փաթեթավորելու գործում, և այդ ժամանակ գաղափար է ծագել նաև նամակներ ուղարկել՝ ոգևորելու նրանց։

«Նամակը որոշել եմ գրել կամավորական աշխատանքների ժամանակ, անկեղծ ասած, ես սկզբում չէի ցանկանում նամակ գրել, բայց հետո որոշեցի ոգևորելու համար արժի, ոչ թե ուրիշ նպատակով։ Ու էդպես թղթի վրա որոշեցի գրել մատիս համարը ու հեռախոսիս համարը, բայց համարի վերջին 3 թիվը չէի գրել»,- պատմում է Ասատրյանը։

Անիի նամակը հասել է Մարտակերտում հակառակորդի դեմ կռվող 26-ամյա կամավորական Գրիշային, որը որոշել է փնտրել նամակի հեղինակին։

«Մեր ուսխորհրդի նախագահի էջով նամակը տարածվել էր, որովհետև ուսխորհրդի նախագահը, պարզվեց՝ զինվորի ընկերն է։ Էդպես կուրսեցիներս սկսեցին ինձ նշել։ Հետո Ֆեյսբուքով ինքը ինձ գրեց, ոչ թե համարս էր իմացել։ Ընդհանրապես չեմ մտածել, որ իմ նամակին արձագանք կլինի»,- պատմում է Անին։

Անին ասում է, որ մինչև զինվորի հետ ծանոթությունը, երբ նամակը հրապարակվել էր սոցիալական ցանցերում, շատ օգտատերեր՝ ծանոթ-անծանոթ, մեկնաբանություններ էին գրում՝ մաղթելով ամուսնություն, խոստանալով տարբեր նվերներ, խնդրում էին տեղեկացնել, եթե զարգացում լինի:

«Մեկ ամիս առաջ, երբ փնտրում էին ինձ, նոր էր նամակը հրապարակվել, այդ նամակը հրապարակվեց նաև Ֆեյսբուքի «Կանանց խմբում»: Երբ իմացան՝ ես եմ, սկսեցին, այսպես ասած, ամուսնացնել մեզ, ամեն մեկը սկսեց մի բան խոստանալ, մեկն ասում էր՝ թամադա կլինի, մեկը՝ հարսի թագ կնվիրի, մյուսը՝ հարսի շոր։ Հիմա որ հետ նայեմ, հաստատ ամեն ինչ կա»,- ժպտալով ասում է Անին։

Անին ասում է, որ թեպետ չէր սպասում դեպքերի նման զարգացման, սակայն ուրախ է զինվորի հետ ծանոթությունից, և եթե ապագայում ամեն ինչ հաջող ստացվի, գուցեև ընտանիք կազմեն։

«10 օր է՝ ինչ եկել է, այդքան օր ենք ծանոթ։ Իր պատմածով՝ այդ արկղի մեջ, որտեղ իմ նամակն է եղել, եղել է 20-ից ավելի նամակ: Երբ արկղը բացվել է, իմ նամակը սկզբում ուրիշ տղա է վերցրել, որը հետո կորցրել է այդ նամակը, ու ինքն է գտել։
Նամակը հենց գտել է, իր խոսքով՝ մտածել է, որ սիրուն աղջիկ լինի, ու ստացվի ամեն ինչ։ Ու ինձ գրելուց առաջ էլ բավական ինֆորմացիա էր հավաքել իմ մասին։

Ես կյանքում չեմ մտածել, որ այսպես կլինի, որ կես խոսքից էլ կհասկանանք: Եթե շարունակենք այսպես իրար հասկանալ, հուսով եմ՝ հետագայում կլինի շարունակություն»,- նշում է Անին։

MediaLab.am