Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կլիմայական փոփոխությունների հարցով գագաթնաժողովի՝ Climate Ambition Summit-ի շրջանակում հանդես է եկել տեսաուղերձով:

Վիրտուալ գագաթնաժողովը նախաձեռնել են Միավորված ազգերի կազմակերպությունը, Միացյալ Թագավորությունը եւ Ֆրանսիան՝ Իտալիայի ու Չիլիի հետ համագործակցությամբ: Գագաթնաժողովը միավորում է պետությունների ղեկավարների, գործարար ու քաղաքացիական հանրության առաջնորդների, որոնք պատրաստ են նոր պարտավորություններ ստանձնել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում եւ Փարիզյան համաձայնագրի կատարման գործում:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր ելույթում առաջարկել է «Պարտք՝ ի նպաստ կլիմայի» բանաձեւով բնութագրվող նորարարական մոտեցումը՝ ուղղված կլիմայի փոփոխության արդյունքում ֆինանսական խնդիրներ ունեցող զարգացած եւ զարգացող երկրներին:

Գաղափարն այն է, թե ինչպես երկրներն ավելի կանաչ դարձնելով ունենալ ավելի կանաչ աշխարհ՝ նաեւ ազատվել պարտքերից: «Այս գաղափարով, որը կարող է փոխել տարբեր երկրների` կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում նրանց արդյունավետության աստիճանը, առաջարկվում է այդ պայքարի համար ապահովել լրացուցիչ ֆինանսական հոսքեր,- նշել է նախագահ Սարգսյանը։- Այս ֆինանսական միջոցները պետք է ուղղվեն տվյալ երկրի ՝ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարին միտված ազգային պարտավորությունները ժամանակին եւ արդյունավետ կատարելուն»։

Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է նաեւ, որ Հայաստանի համար մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում ավելի հավակնոտ կլիմայական նպատակների սահմանումը եւս մեկ հնարավորություն է՝ վերաիմաստավորելու ամբողջ տնտեսական եւ ազգային զարգացման մոդելն ու արագացնել գործողությունները, որոնք միտված են անցնելու ավելի կայուն եւ ցածր ածխածնային տնտեսության: Նա ընդգծել է, որ Հայաստանի տեսլականի հիմքում են էկոհամակարգային մոտեցումը, մասշտաբային անտառապատումները, ներդրումները վերականգնվող էներգետիկայի եւ էներգարդյունավետության ոլորտներում: «Մենք նպատակ ունենք մինչեւ 2030 թվականը էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում ընդլայնել արեւային էներգիայի տեսակարար կշիռը մինչեւ 15 տոկոսով, իսկ կանաչ էներգիայինը՝ մինչեւ 54 տոկոսով»,-մասնավորապես նշել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Climate Ambition Summit-ում հնչել են նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի, Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերայի, Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի, ինչպես նաեւ այլ պետությունների ու կառավարությունների ղեկավարների ելույթներ: