Իրանի և Թուրքիայի նախագահներ Էբրահիմ Ռաիսին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդգծել են Գազայի հատվածում շարունակվող պատերազմի վերաբերյալ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) առաջիկա նիստում արդյունավետ և գործնական լուծումների ընդունման անհրաժեշտությունը։

Երկու կողմերը հինգշաբթի օրն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում Գազայի հատվածի ճգնաժամի շուրջ մանրամասն քննարկումներ են անցկացրել, հաղորդում է IRNA-ն:

Նրանք համաձայնել են, որ Գազայի ճգնաժամի կարգավորման համար արդյունավետ և գործնական լուծումներ պետք է ձեռնարկվեն։

Երկու նախագահներն էլ ասել են, որ Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծումը պետք է անհապաղ դադարեցվի, և ռեժիմը պետք է վերացնի այդ տարածքի շրջափակումը:

Ռաիսին նաև ասել է, որ Պաղեստինի խնդիրը և Գազայի ժողովրդի դեմ «Սիոնիստական ​​ռեժիմի» սարսափելի հանցագործությունները ներկայումս Իրանի, Թուրքիայի և նույնիսկ իսլամական աշխարհի ամենակարևոր խնդիրն են։