«Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, սխալ քաղաքականություն է վարում։ Անհրաժեշտ է, որ Արցախի Հանրապետությունն իր սեփական քաղաքականությունը վարի, իհարկե՝ համագործակցելով, համաձայնեցնելով ՀՀ քաղաքական և ռազմական նախարարությունների հետ, բայց, ցավոք, դա չկարողացանք անել»,- Արցախի Հանրային Հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ էինք արդյոք խուսափել սեպտեմբերի 27-ի Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմից։

Ըստ Բալասանյանի, 2020 թվականի ընտրություններից հետո Ղարաբաղի սուբյեկտայնության խնդիր կար։ «Այսինքն՝ Հայաստանի քաղաքական և ռազմական իշխանությունն ամեն ինչ պետք է աներ, որ Արցախի Հանրապետությունն ինքը, որպես սուբյեկտ, կայանար։ Սա ամենակարևոր պատճառներից մեկն էր»,- ասել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարը։