Lragir.am-ը գրում է. Դեկտեմբեր 29-ին Սոչիում ՌԴ եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Լավրովը եւ Չավուշօղլուն ազդարարեցին ռուս-թուրքական հարաբերություններում լիակատար փոխըմբռնումը եւ ներդաշնակությունը։ Արցախի մասով թուրքական սպայակազմը Աղդամի «մոնիտորինգի» կենտրոնից իրավունք ստացավ վերահսկել Արցախի տարածքն ու Հայաստանի սահմանամերձ շրջանները, լուծվեց ահաբեկիչ-վարձկանների վերաբնակեցման հարցը Արցախում։

Սոչիում ռուս-թուրքական բնակցությունների ավարտին Չավուշօղլուն ափսոսանք հայտնեց, որ «համավարակը երկու երկրներին փոքր-ինչ հետ է պահում երկկողմ հարաբերությունների 100-ամյակի լիաթոք տոնակատարությունից»։ 100-ամյակի սկիզբը Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրն է, որով Ռուսաստանը Հայաստանի Հանրապետության տարածքի մեծ մասը նվիրեց Թուրքիային ու «Ադրբեջանին»։ 100-ամյակի նախօրեին Արցախն օկուպացվեց եւ կտրվեց Հայաստանից, Հայաստանի տարածքում նախատեսվում է ստեղծել մի քանի «անվտանգության գոտի» ռուս-թուրքական վերահսկողությամբ։

«Ղարաբաղյան հարցում հաղթողներ ու պարտվողներ չպիտի լինեն», «Ղարաբաղյան կոնֆլիկտը ռազմական լուծում չունի» կարգախոսներն այլեւս հեռավոր անցյալ են, ինչպես եւ «հայ-ռուսական դարավոր բարեկամության» սովետական եւ հետսովետական մանթրաները: Հետխորհրդային շրջանն ավարտվեց 2020-ի նոյեմբեր 9-ին թե 10-ին: Հիմա թուրք-ռուսական դարավոր անխախտ բարեկամության ժամանակաշրջանն է:

Ըստ էության, անցյալում են նաեւ հայ-ռուսական պաշտպանական պայմանագրերը եւ ՀԱՊԿ-ի կանոնադրությունը «պատասխանատվության գոտում»։ Ռազմական գործողությունների օրերին Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը մերժեցին իրենց պայմանագրային պարտավորությունների կատարումը (այդ օրերին իսկապես հուզիչ էր պրոռուսական ընդդիմադիրների նախատինքը կառավարությանը՝ թե ռուսներին լավ չեք դիմել, մենք ավելի լավ կդիմեինք)։ Ինչպես ասում է գործող վարչապետը, հիմա «Հայաստանում Ռուսաստանի աջակցությամբ անվտանգության նոր համակարգ է կառուցվում»։ Թե ինչ համակարգ է լինելու դա՝ նկարագրված է վերը։

«Անվտանգության նոր համակարգն» ամրագրվելու է նոր պայմանագրով, որը դառնալու է եռակողմ հայտարարության ու բանավոր պայմանավորվածությունների իրականացման արդյունքը։ Մոսկվան ու թուրքական կողմը ձգտում են լեգիտիմացնել «նոր սահմանները», Բաքուն ու Անկարան խոսում են հայկական պահանջներից հրաժարվելու եւ 6-ի պլատֆորմին միանալու հնարավորության, այն է՝ Հայաստանի համար զրոյական կետից սկսելու մասին, որն իր ամանորի ուղերձում հռչակեց Հայաստանի գործող վարչապետը։

2021-ին սպասվող այս իրադարձությունների ֆոնին «ռուսասիրություն-թրքատյացություն» պարտադրված կաղապարներում մնալն արդեն իսկ ամոթալի է։ Դա ենթադրում է ինքնամեկուսացում քաղաքական հնարավորություններից եւ քաղաքական տարածության ծայրահեղ սահմանափակում։ Մինչդեռ, առավել եւս այս իրավիճակում Հայաստանի պարագայում դրական առումով զրոյացվել է մեկ այլ բան, որը մեզ սպանում ու տեղահանում է արդեն 200 տարի։

Հայաստանում կան ուժեր, որոնք հասկանում են այս հնարավորությունները։ Ավանդական քարոզչությունը, որին ներգրավվել են հնարավոր ու անհնար բոլոր ռեսուրսները, այլեւս չունի նախկին ազդեցությունը։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/01/03/612415/