ՌԴ նախագահի նախաձեռնությամբ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի է ունենալու Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպումը, որի ժամանակ, ըստ Կրեմլի հաղորդագրության, «կողմերը մտադիր են քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի իրականացումն ու տարածաշրջանի խնդիրների լուծման ուղղությամբ քայլերը:

Հատուկ ուշադրություն կհատկացվի մարտական գործողությունների հետեւանքով տուժած շրջանների բնակիչներին, ինչպես նաեւ առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի զարգացմանն ու ապաարգելափակմանը»:

Վարչապետի այցի շուրջ Հայաստանում մտահոգություններ կան, որ նախապատրաստվում է Մեղրիի «միջանցքի», այն է՝ Մեղրիի հանձնումը Ադրբեջանին, կամ համենայնդեպս դրա էքստերիտորիալությունը։ Վարչապետի խոսնակը հերքել է այդ պնդումները, նշելով, թե նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նման բան չկա։ Սակայն նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ շատ բան չկար, այդ թվում «Սյունիքի սահմանների տեղորոշումը», հետո պարզաբանվեց, թե դա արվում է բանավոր պայմանավորվածություններով։ Ի՞նչ բանավոր պայմանավորվածություններ կան այս դեպքում։

Միեւնույն ժամանակ, եռակողմ հանդիպման վերաբերյալ ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ, ի տարբերություն Կրեմլի հաղորդագրության, խոսք չկա Ղարաբաղի կարգավորման մասին, իսկ վարչապետի խոսնակն էլ ասում է, որ «Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որեւէ հարցի լուծմանը վերաբերվող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում»։

Ակնհայտ է սակայն, որ Ղարաբաղի եւ Մեղրիի հարցերը քննարկվում են նույն «փաթեթում», եւ Մոսկվան հավանություն է տվել «Մեղրիի միջանցքին», հնարավոր է՝ ՌԴ ԱԴԾ վերահսկողությամբ։

Մոսկովյան հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ, որի ժամանակ, ըստ հաղորդագրության, քննարկվել է պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար իրավիճակը։ Իսկ ահա Փարիզի հաղորդագրության մեջ նշվում էր, որ Ֆրանսիան կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման որոնմանը:

Մոսկովյան հանդիպումից առաջ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ, որի ժամանակ, ըստ Կրեմլի հաղորդագրության, քննարկվել են եռակողմ հանդիպման որոշ հարցեր։

Նոյեմբերի 9-ից հետո Ֆրանսիան ստանձնել է Հայաստանի իրավունքների պաշտպանությունը, այդ թվում հարցեր դնելով ՀՀ «ռազմավարական դաշնակցի»՝ Ռուսաստանի առաջ՝ Արցախի օկուպացիայի, տեղահանվածների եւ կարգավիճակի վերաբերյալ։ Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատները ճանաչել են Արցախի անկախությունը։ Բացի այդ, ԱՄՆ-ում իշխանության տրանզիտի պայմաններում Ֆրանսիան Մինսկի խմբում հանդես է գալիս նաեւ ԱՄՆ կողմից։

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայի հանդիպումից առաջ աջակցությո՞ւն է խնդրել Մակրոնից, եւ ի՞նչ է ասել Մակրոնը Պուտինին։ Մյուս կողմից, ՀՀ իշխանության անգործությունն ու Արցախի խնդրից հրաժարումը լուրջ խնդիրներ են առաջացրել նաեւ Փարիզի ու Վաշինգտոնի համար, որոնք Մոսկվայի առաջ դրել էին կամ Մինսկի խմբում Արցախի կարգավիճակի որոշման, կամ էլ Արցախի միջազգային ճանաչման գործընթաց սկսելու հարցերը, այն պայմաններում, երբ Մոսկվան փորձում է կամ չեզոքացնել խմբի մանդատը, կամ դրա շրջանակում «լեգիտիմացնել» հակահայ եռակողմ պայմանավորվածությունները։

Աղբյուր՝ Lragir.am