ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին նյարդայնացրել էր Արցախը Ռուսաստանի կազմ ներգրավելու մասին լրագրողի հարցը: Նա նման խոսակցությունները էկզոտիկ է անվանել եւ նշել, թե «Մենք անգամ դրան մոտ միտք չունենք»։ Նա ասել է նաեւ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը գաղտնի հավելվածներ չունի: Մի ժամանակ էլ Լավրովն ասում էր, թե Լավրովի պլան գոյություն չունի:

Ռուսաստանը դեմ է Արցախի կարգավիճակին, Արցախը համարում է «Ադրբեջանի» տարածք, դեմ է նաեւ իրեն միացնելուն: Այս պարագային հարց է առաջանում, թե ինչ հիմքով են օրինակ տեղակայվել ռուսական ստորաբաժանումներն Արցախում, երբ Բաքուն չի ստորագրել դրա վերաբերյալ պայմանագիրը: Եթե դա չի արվել գաղտնի հավելվածների հիման վրա, նշանակում է կան բանավոր պայմանավորվածություններ, ինչն ինքնին հավելվածի դեր է խաղում:

Արցախը Ռուսաստանի կազմում ներգրավելու խոսակցությունները սկսել են հենց Մոսկվայից՝ Արցախում ռուսական անձնագրեր բաժանելու եւ ռուսաց լեզվի կարգավիճակի շեշտադրումներով: Ավելի առարկայական են դառնում Արցախի բանակի չեզոքացման խոսակցությունները: Երեկ էլ Ստեփանակերտում սկսել են հանել հայկական դրոշները, դրանք փոխարինելով ռուսականով:

Լավրովի հայտարարություններից ենթադրվում է, որ Մոսկվան անցել է Արցախի ռուսացման՝ «Ադրբեջանին» պատկանելու ֆորմալ շրջանակներում, եւ բացառված չէ, որ Մոսկվա-Անկարա «հավասար կիսելու» սկզբունքով տեղի ունենա Արցախի մնացորդի «ինքնորոշումը» հօգուտ Ռուսաստանին միանալուն: Արցախի կարգավիճակի հարցը Մոսկվա-Բաքու-Ստեփանակերտ տիրույթում լուծելու մոսկովյան շրջանակների առաջարկները հնարավոր է կապված են այս հանգամանքի հետ:

Ուշագրավ են նաեւ Քարվաճառ-Վարդենիս ճանապարհի վերաբացման վերաբերյալ խոսակցությունները: Սա կարող է տեղավորվել ՀՀ տարածքում ռուս-թուրքական «անվտանգության միջանցքների» մտադրությունների տրամաբանության մեջ: Սյունիքում դա արդեն իրականություն է, տվյալ պարագայում այս «միջանցքը» կարող է ձգվել դեպի Գյումրի եւ Տավուշ-Ղազախ՝ Աղդամի ռուս-թուրքական կենտրոնի վերահսկողությամբ:

Լավրովն էկզոտիկ է անվանում խոսակցությունները, միեւնույն ժամանակ, մոսկովյան վարչակարգը, ըստ ինսայդերական տեղեկությունների, ներկայում տրված է բավական էկզոտիկ ծեսերի ու տարօրինակ հակումների: Հոգեբաններն ու փորձագետները նշում են, որ դրա պատճառը պարբերաբար ստելն է ակնհայտ իրողությունների պարագային, ինչն անդրադառնում է այդ երկրի ներքին ու արտաքին կացության վրա: Հայաստանի մասնատման «փրկչական» ծրագրերը դրա դրսեւորումն ու ցուցադրումն են: