Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի հետ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի զրույցի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահականի մամուլի հաղորդագրությունը. «Մայիսի 13-ին Հանրապետության Նախագահը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացող զարգացումների թեմայով հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանրապետության Նախագահը հիշեցրել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ընդգծել Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրս բերման անհրաժեշտությունը։

Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին `այս տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար»:

Ավելի վաղ հայտարարությամբ էր եկել նաև ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, որում մասնավորապես ասված էր.

«Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են Սյունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու հետևանքով ստեղծված իրավիճակն ու այն հանգուցալուծելու քայլերը:

Ֆրանսիայի նախագահն իր զորակցություն է հայտնել Հայաստանի իշխանություններին ու հայ ժողովրդին՝ խնդիրը խաղաղ կարգավորելու գործում: Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին մեր երկրի ու հայ ժողովրդի նկատմամբ մշտական ուշադրություն ցուցաբերելու և բարեկամական վերաբերմունք արտահայտելու համար:

Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստ է հետագայում ևս իր նպաստը բերել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը, մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին»:

Ստացվում է, որ Փաշինյանի թիմը թաքցրել է, կամ նշանակություն չի տվել կարևոր մտքի, որը եղել է: Խոսքը մասնավորապես վերաբերում է հետևյալին՝ «Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին `այս տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար»:

Աղբյուր՝ https://analitik.am/news/view/733634