«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թեեւ իշխանության նախընտրական ցուցակն էական փոփոխություններ չի կրել 18 թվի համեմատ, սակայն եթե ՔՊ-ն վերարտադրվի, պաշտոնները բաշխելիս կտրուկ փոփոխություններ կլինեն։ Օրինակ, չնայած Արարատ Միրզոյանը ցուցակում երկրորդն է, սակայն Փաշինյանը հակված չէ նրան նորից ԱԺ նախագահ դարձնել, կարծում է, որ նա պասիվ է եղել եւ վարչապետի ու թիմի շահերը չի պաշտպանել։

Միրզոյանը կարող է որեւէ երկրում դեսպան նշանակվել։ Նույն դժգոհությունները կան նաեւ Տիգրան Ավինյանից։ Վերջիններս ոչ միայն թիմի կողքին չեն եղել դժվար պահերին, այլեւ «խաղեր են տվել» ընդդիմության հետ։

ԱԺ նախագահի պաշտոնը, ըստ որոշ տեղեկությունների, կարող է բաժին հասնել Սուրեն Պապիկյանին, ով ոչնչով չի գերազանցում մյուսներին, բայց կարողացել է աշխատող, լուրջ մարդու իմիջ ձեւավորել, որը, ըստ ամենայնի, կփլվի նրա՝ ԱԺ նախագահ դառնալուց մի քանի օր անց։ Իսկ առաջիկա խորհրդարանը շատ ավելի բարդ կազմ է ունենալու, եւ Պապիկյանը դժվար թե այդ աշխատանքից գլուխ հանի։ Ինչ վերաբերում է ցուցակ մտած բիզնեսմեններին, ապա նրանց գործադիրում պաշտոններն են հետաքրքրում, եւ ընտրություններից հետո նրանք կհայտնվեն կառավարությունում, իսկ Խաչատուր Սուքիասյանը, հավանաբար՝ Երեւանի քաղաքապետի աթոռին: