2021թ. մայիսի 31-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում Վաղարշապատի հիվանդանոցի Շտապ Օգնության բաժանմունքից ահազանգ է ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Մարգարա -Զվարթնոց ավտոճանապարհի հատվածում հրազենային վնասվածքներով տղամարդու դիակ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Նույն օրը` ժամը 18:30-ին, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հրշեջ ծառայությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի հարակից դաշտերում «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենա է այրվում, որի մեջ հայտնաբերվել է 13 հատ 5,45 տրամաչափի կրակված պարկուճ, մեկ հատ կրակված գնդակ եւ «ԱԿՍՈՒ» մոդելի ինքնաձիգ՝ դատարկ պահեստատուփով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Արմավիրի մարզի Մարգարա-Զվարթնոց ավտոճանապարհին՝ Երեւան-Էջմիածին կամրջից 400 մետր հեռավորությամբ, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու նպատակով, «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենայի սրահից իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել «Լեքսուս 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որից հետո «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենան տեղափոխելով Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի հարակից դաշտեր՝ այրել է այն եւ դիմել փախուստի: Կրակոցների հետեւանքով մահացել է «Լեքսուս 570 » մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Արմեն Ասատրյանը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:Կատարվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյյալ հանցագործությունը կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: