ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել Տաջիկստանին Աֆղանստանում ստեղծված վիճակի պատճառով, որտեղ տալիբները հարձակումներ են սկսել կառավարական զորքերի դեմ: Այս մասին նշված է Կրեմլի պաշտոնական կայքում: «Պուտինը հաստատել է Տաջիկստանին աջակցություն հայտնելու պատրաստակամությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակում», նշված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ը պաշտոնապես մերժել է աջակցություն տրամադրել Հայաստանին, գտնելով, որ Բաքվի զինված ներխուժումները «սահմանային միջադեպեր» են, ռազմական գործողություններ չկան, այդպիսով կրկնելով Կրեմլի դիրքորոշումը:

Տաջիկստանում իսկապես սահմանային միջադեպ էր եղել՝ տալիբները գրավել էին Տաջիկստանի հետ սահմանին Աֆղանստանի տարածքում գտնվող մի քանի ուղեկալներ, այսինքն՝ չէին խախտել սահմանը: Ինչ վերաբերում է կառավարական զորքերի 1000-ից ավելի զինվորներին, նրանք պարզապես դասալիքներ են, որոնք անցել են Տաջիկստան:

Աֆղանստանում իրավիճակը լարվել է ԱՄՆ ու ՆԱՏՕ զորքերի դուրսբերումից հետո: Ինչ աջակցություն են ցուցաբերելու Ռուսաստանը եւ հիմնականում թյուրքական երկրներից բաղկացած ՀԱՊԿ-ը Տաջիկստանին՝ դժվար է ասել: ՌԴ-ն չի պատրաստվում զորք մտցնել Աֆղանստան, հայտարարել է Կրեմլի խոսնակը: Միեւնույն ժամանակ, աչքի առաջ ունենալով Հայաստանի հանդեպ Ռուսաստանի պահվածքը, Դուշանբեն դիմել է ԱՄՆ-ին աջակցության համար, որտեղից խոստացել են աջակցել Տաջիկստանի անվտանգությանը, կայունությանը և տարածքային ամբողջականությանը։

Ռուսաստանում անհանգիստ են Աֆղանստանի իրավիճակից եւ այնտեղ Թուրքիայի հնարավոր առանցքային դերից, որի վերաբերյալ բանակցություններ են ընթանում Վաշինգտոնի ու Անկարայի միջեւ: Մի քանի օր առաջ Պուտինն իր մեծ ասուլիսում փաստացի ճանաչեց Կենտրոնական Ասիայի երկրների անկախությունը, երբ պատասխանում էր ԽՍՀՄ վերականգնման հնարավորության մասին հարցին: Այս հանգամանքը հաշվի առնելով, չի բացառվում, որ Մոսկվան Տաջիկստանին հատկացնում է նույն դերը, ինչ Հայաստանին Կովկասում՝ Տաջիկստանի հաշվին ապահովել սահուն նահանջն այդ շրջանից, միեւնույն ժամանակ հնարավորինս մեծ թվով տաջիկների վերաբնակեցնել Ռուսաստանում՝ ի հակակշիռ թյուրքական տարրի:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում