Ամերիաբանկը Euromoney հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2021 թ. Տարվա լավագույն բանկ մրցանակին:

Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել մի շարք ուղղություններով գրանցած տպավորիչ առաջընթացի համար: Կազմակերպիչների խոսքով, հաշվի է առնվել Բանկի շահութաբերության զգալի բարելավումը, կայուն աճը, նորարարական բանկային ծառայությունների շարունակական ներդրումը, ռազմավարական փոխհարաբերությունները և թվայնացմանն ուղղված ակտիվ գործունեությունը:

Նշենք, որ Euromoney ամսագրի այս անվանակարգում Ամերիաբանկը հաղթող է ճանաչվում արդեն 8-րդ անգամ:

Այս տարին առանձնահատուկ էր այն առումով, որ մրցույթի մասնակցության համար ստացվել են ռեկորդային թվով դիմումներ:

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի խոսքով. «Մենք շատ հպարտ ենք, որ այսպիսի դժվար ժամանակներում արժանացել ենք այս հեղինակավոր մրցանակին:

Չնայած նախորդ տարվա մարտահրավերներին, մեզ հաջողվեց վերահաստատել մեր դիմացկունությունն ու կայունությունը և պահպանել մեր բարձր ցուցանիշները:

Մենք մշտապես հավատարիմ ենք մեր ռազմավարական նպատակներին ու շարունակելու ենք անել առավելագույնը` մեր միասնական նպատակների իրագործման համար»:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ:

Լինելով առաջին ներդրումային բանկը Հայաստանում՝ Ամերիաբանկը տրամադրում է նորարար բանկային ծառայությունների լայն տեսականի:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.ameriabank.am: 

Euromoney-ի մասին

Բրիտանական Euromoney Institutional Investors ընկերության «Euromoney» հեղինակավոր ամսագիրն արդեն 50 տարի անընդմեջ լուսաբանում է միջազգային ֆինանսական կյանքը՝ հանդիսանալով ոլորտի առաջատար պարբերական:

Ամեն տարի ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն բանկերի գործունեության գնահատման գործընթաց, որի արդյունքները համարվում են վստահելի և կարևորագույն չափանիշ:

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք պաշտոնական կայք: