ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սոթքի հատվածում թշնամու հարձակումը ռուս-թուրքական համատեղ հակաքայլն է այդտեղ ԱՄՆ դեսպանի այցելության դեմ։

Վստահաբար, նրանք կստանան ԱՄՆ-ի պատասխանը, իսկ ոչ հեռու ապագայում կոլեկտիվ Արևմուտքը նրանց դուրս կմղի տարածաշրջանից։

Սակայն մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել և արձանագրել, թե ինչպես ենք այդ ամբողջ ընթացքում շարունակաբար կորցնում մարդկային կյանքեր, ինչպես նաև կարևոր տարածքներ։

Հատկապես 44-օրյա պատերազմի ծանր կորուստներից հետո պարտավոր ենք անգամ անհնարինն անել յուրաքանչյուր զինվորի կյանքը խնայելու համար։

Ժամանակ չկա։ Մենք պետք է գործենք։

Մշտապես ասել ենք և հիմա էլ վերահաստատում ենք, որ Բևեռն ունի այս աղետալի վիճակից դուրս գալու ծրագիր և այն իրագործելու կամք ու կարողություն։

Ստեղծված իրավիճակում, երբ մեծամասնությունը երկրի գաղութացվածության պատճառով մոլորված է ու քաղաքականապես անգիտակից, պետության և ազգի ճակատագրի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է գիտակից փոքրամասնության ուսերին։

Ցավոք սրտի, գիտակից շերտը դեռևս պասիվ է ու անմիաբան, ինչի պատճառով մղձավանջը շարունակվում է ու ահագնանում։

Ով գիտակցում է, նա պարտավորված է։

Ուստի դիմում եմ գիտակից հատվածին` հայաստանաբնակ թե արտերկրաբնակ և կոչ եմ անում վերջապես պատասխանատվություն ստանձնել ու համախմբվել Բևեռի շուրջ` օր առաջ արյունը կանգնեցնելու և երկիրը մղձավանջից դուրս բերելու համար»։