Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունից։

«Վաղ առավոտից ԱԱԾ-ն, ոստիկանությունը, համատարած խուզարկություն են իրականացնում Բևեռի խորհրդի անդամների, աջակիցների, համակիրների բնակարաններում, Բևեռի գրասենյակներում»,-նշում են Բևեռից։

Նույն աղբյուրի համաձայն, խուզարկություն է ընթանում Կարո Եղնուկյանի, Աշոտ Պետրոսյանի, Վահագն Ավագյանի, Վահե Գասպարյանի բնակարաններում։

Հիշեցնենք, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վրա հարձակումից հետո հարուցված վարույթի շրջանակում ՔԿ-ն հայտարարեց՝ դատարանների թույլտվությամբ և ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության օժանդակությամբ ոստիկանության շենքի վրա հարձակում կատարած անձանց և նրանց հետ առնչություն ունեցող մի շարք այլ անձանց բնակության վայրերում, ինչպես նաև որպես «Ազգային ժողովրդավարական բևեռ» կազմակերպության գրասենյակ ծառայող տարածքում կատարվել են երկու տասնյակից ավել խուզարկություններ։

Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր և առարկաներ, այդ թվում զենք, զինամթերք, պլաններ, սխեմաներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ և այլն:

Մասնավորապես նշված կազմակերպության գրասենյակ հանդիսացող տարածքից հայտնաբերվել են 2 մարտական նռնակ և քննության համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ փաստաթղթեր ու առարկաներ։