Այսօր՝ օգոստոսի 5-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Ժամը 17։40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոց է հեմոռագիկ շոկով, գլխի և ոտքի շրջանում՝ դանակի մի քանի հարվածներով տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին հիվանդանոցից տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության կենտրոնական բաժին։ Պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 37-ամյա Լևոն Սարգսյանն է։ Հիվանդանոց մեկնած՝ ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին բժիշկները հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Կենտրոնի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Սայաթ-Նովա 26 հասցեում գործող «Ֆլագման» սրճարանի մոտ, որի ժամանակ անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և հասարակության նկատմամբ դրսևորելով բացարձակ անհարգալից վերաբերմունք, դեռևս չպարզված հանգամանքներում հարձակվել են Լ. Սարգսյանի վրա, մարմնական վնասվածքներ պատճառել, ինչպես նաև դանակի մի քանի հարվածներ հասցրել նրա գլխի և ոտքի հատվածներին։ Փաստի առթիվ ոստիկանթւթյան կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք դանակը կամ դանակները հայտնաբերելու ուղղությամբ։